ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան շարունակվում է: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հրանտ Գրիգորյանը, Արծվիկ Մինասյանը, Վարդան Այվազյանը, Տաճատ Վարդապետյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Թեւան Պողոսյանը:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծաղկեպսակ է դրել Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հրապարակում: Այնուհետեւ պատվիրակությունն ուղևորվել է Վրաստանի Նախագահի նստավայր:
Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային, քաղաքական եւ տնտեսական ոլորտներում միջպետական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Վրաստանի Նախագահի հետ հանդիպման ընթացքում իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի վերաբերյալ, որը վտանգ է ներկայացնում բոլոր երկրների համար: «Այն ահռելի գումարները, որոնք Ադրբեջանը և Թուրքիան ծախսում են հարձակողական զենք ձեռք բերելու համար, կարող են ուղղվել կայունությո ւն հաստատելուն և վստահության մթնոլորտ ձեւավորելուն' ներգրավելով տարածաշրջանի բոլոր երկրները»,-նշել է Գալուստ Սահակյանը:
Այնուհետև միջպետական համագործակցության ոլորտներին վերաբերող հարցերը քննարկվել են նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Վարչապետի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ոլորտում վերջին տարիներին ձևավորվել են հստակ ուղղություններ: Դրանք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի, զբոսաշրջության և գյուղատնտեսության բնագավառները: Գալուստ Սահակյանը կարևորել է Վերին Լարսի սահմանային անցակետի անխափան գործունեությունը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արձագանքելով բազմաթիվ վիրահայերի խնդրանքներին, դիմել է Վրաստանի վարչապետին. «Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել եւ աջակցությունը խնդրել՝ դյուրացնելու մշտական կացության իրավունքի տրամադրումը հայազգի վրաստանաբնակ այն քաղաքացիներին, որոնք, մեկնելով արտագնա աշխատանքի, ստացել են այլ երկրների քաղաքացիություն: Վրաստանում օրենսդրական փոփոխությունների հետևանքով նրանք հայտնվել են դժվար կացության մեջ' հնարավորություն չունենալով մշտապես բնակվել իրենց ընտանիքների հետ»:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, փաստել է, որ ՀՀ ԱԺ պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան երկու երկրների բարեկամության և եղբայրության վկայությունն է:
Անդրադառնալով Վրաստանում վիզային ռեժիմին առնչվող օրենսդրական փոփոխություններին' Վրաստանի վարչապետը տեղեկացրել է. «Ասոցացման համաձայնագրի ստորագրման կապակցությամբ մենք ստացել ենք աշխատանքային պլան: Դրանով են պայմանավորված վիզային ռեժիմի նոր կարգավորումները, որոնցից ելնելով՝ հարկ եղավ օրենսդրությունը ենթարկել որոշակի փոփոխության: Պետությանն իրավունք է վերապահված որոշ երկրների կամ քաղաքացիների նկատմամբ արտոնություններ սահմանելու: Այդ հարցին անպայման լուծում կտրվի»,-վստահեցրել է վարչապետը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, որից հետո Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն այցելել են Թբիլիսիի Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ դրել հայ մեծերի շիրիմներին: