Եվրամիությունը չի փոխել իր քաղաքականությունն ու դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ և շարունակելու է աշխատանքը նույն ձևով: Նման հայտարարությամբ հոկտեմբերի 10-ին ԵՄ տեղեկատվական կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ հանդես եկավ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան:
«Նրանք, ովքեր ասում են, թե ԵՄ-ն փոխել էր քաղաքականությունն ու դիրքորոշումը Հայաստանի հանդեպ, ապատեղեկատվություն են տարածում: Նրանք տեղեկացված չեն կամ էլ դիտավորյալ սուտ տեղեկություն են տարածում»,- ընդգծեց Թրայան Հրիսթեան:
Հանդիպմանը ԵՄ պատվիրակության ղեկավարը «ԵՄ-ն Հայաստանում» 3-րդ ակումբի անդամներին հանձնեց հավաստագրեր: Նրա գնահատմամբ, թե՛ ԵՄ տեղեկատվական կենտրոնի, թե՛ «ԵՄ-ն Հայաստանում» ակումբի ստեղծումը հիանալի նախաձեռնություններ են, ինչի արդյունքում ստեղծվել է հարթակ, որն էլ ապահովում է ճշմարիտ տեղեկատվություն այն մասին, թե ինչ գործունեություն է իրականացնում Եվրամիությունը Հայաստանում: