Ինդոնեզիայի մայրաքաղաքի իշխանությունները Ջակարտայի ծոցում ձեռնամուխ են եղել 263 միլիոն դոլար արժողությամբ վիթխարի պատնեշի կառուցմանը՝ ճահճացումից, հեղեղումներից և հարձակվող Ճավայի ծովից պաշտպանվելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Այս նախագիծը միանգամայն անհրաժեշտ է. եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա 2050 թվականին Ջակարտան կսուզվի գրունտի արագ նստելու և ծովի մակարդակի բարձրանալու պատճառով»,- պատնեշի հիմնարկեքի արարողության ժամանակ Ինդոնեզիայի տնտեսության հարցերի համակարգող նախարար Խայրուլ Թանջունգի հայտարարությունը հոկտեմբերի 10-ին մեջբերել է Jakarta Globe թերթը:
Նախագծի առաջին փուլում, որն օգնում են կատարելու հոլանդացի փորձագետները, ափի երկայնքով կկառուցվի ութկիլոմետրանոց պատնեշ: Սպասվում է, որ այն կկարողանա ջրերի հարձակմանը դիմակայել առնվազն մինչև 2030 թվականը:
Հսկա մեգապոլիսը, որտեղ, ներառյալ արբանյակ քաղաքները, պաշտոնական տվյալներով՝ բնակվում է, 12 միլիոն (իսկ փորձագետների գնահատումներով՝ նույնիսկ 25 միլիոն) մարդ, ամեն օր «խմում է» վիթխարի քանակությամբ գրունտային ջրեր: Միաժամանակ Ջակարտայի կենտրոնական մասի կառուցապատումը երկնաքերներով և դրան հարող շրջանների ասֆալտապատումն ու բետոնապատումը հանգեցնում են այն բանին, որ գրունտային ջերերի ծախսվող պաշարները չեն լրացվում:
Դրա հետևանքով Իդոնեզիայի մայրաքաղաքի տարածքի արդեն շուրջ 60 տոկոսն իջել է ծովի մակարդակից, և ջրի վիթխարի զանգվածները, որոնք ողողում են մայրաքաղաքն արևադարձային տեղատարափների ժամանակ, ստիպված ծովն են նետում հզոր պոմպերի միջոցով: Ծովի մակարդակի բարձրանալու հետ մեկտեղ դա սպառնալիք է ստեղծում բնակիչների թվով աշխարհի չորրորդ երկրի մայրաքաղաքի բուն գոյությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: