Կամերունում մայիսին և հունիսին «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման կողմից գերեվարված անձինք ազատ են արձակվել և հանձնվել են Կամերունի իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Ծայրահեղականներն ազատ են արձակել 27 մարդու, որոնցից 10 Չինաստանի քաղաքացիներ են:
«27 գերիները, որոնք 2014թ. մայիսի 16-ին գերեվարվել էին Վազա քաղաքում և հունիսի 27-ին Կոլոֆատեում, այս գիշեր փոխանցվել են Կամերունի իշխանություններին. այդ թվում են նաև Չինաստանի քաղաքացիները»,- հայտարարել է Կամերունի նախագահ Փոլ Բայյան: Նա նաև հավելել է, որ Չինաստանի 10 քաղաքացիները, ինչպես նաև Կամերունի փոխվարչապետ Ամադու Ալիի կինն այս պահին ապահով ձեռքերում են:
«Բոկո հարամ» խմբավորման գրոհայինները մի քանի տարի փաստացի պատերազմ են վարում Կամերունի իշխանությունների դեմ՝ որպես թիրախ օգտագործելով բանակի և ոստիկանության հետ կապ ունեցող օբյեկտները, ինչպես նաև հարձակումներ գործելով կրոնական ղեկավարների և խաղաղ բնակիչների վրա: