Եմենում «Արաբական թերակղզու Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից առևանգված ամերկիացի լրագրող Լյուկ Սոմերսն ազատվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակորչելով ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է Եմենի պաշտպանության նախարարությունը: Ձեռնարկված գործողության արդյունքում սպանվել է զինված խմբավորման 10 գրոհային, որոնց գործողությունները ղեկավարում էր հրամանատար Մուբարաք ալ-Հարադին: Խմբավորման կողմից որպես պատանդ պահվող ամերիկացի լրագրողն ազատվել է գերությունից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գործողությունն իրակացվել է երկրի արևելյան շրջանի Շաբվա շրջանում: Լյում Սոմերսը ահաբեկիչների կողմից առևանգվել էր 2013թ. սեպտեմբերին Եմենի մայրաքաղաք Սանայում: Չորեքշաբթի համացանցում հայտնված տեսահոլովակում նա հայտնել էր, որ իր կյանքին վտանգ է սպառնում և օգնություն էր խնդրել: Ահաբեկիչները նաև նշել էին, որ Սոմերսի դատաստանն անխուսափելի կլինի, եթե ԱՄՆ-ն երեք օրվա ընթացքում չկատարի իրենց պահանջները:
Թե ինչ պահանջներ են ահաբեկիչները ներկայացրել ԱՄՆ-ին, հայտնի չէ: ԱՄՆ պաշտոնական շրջանակները վերջին ամիսների ընթացքում մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե չեն պատրաստվում բանակցությունների մեջ մտնել, այդ թվում նաև պատանդների վերադարձի հարցով: Միևնույն ժամանակ, Պենտագոնի և Սպիտակ տան ներկայացուցիչները ընդգծել են, որ ԱՄՆ-ն շարունակելու է անել ամեն ինչ իր քաղաքացուն ազատելու համար: