www.tert.am Սիրիայում մոտ 1.5 ամիս առաջ առևանգված 5 հայ տղամարդկանցից մեկը՝ Նարեկ Վարժապետյանը, ազատ է արձակվել։ Վարժապետյանի ազատ արձակման լուրը հայտնել է նրա հայրը՝ Ստեփան Վարժապետյանը, Facebook սոցիալական ցանցի իր էջում։

 

Հիշեցնենք, որ նախքան Հալեպի շրջափակումը Հալեպից Երևան ուղևորված միկրոավտոբուսը կանգնեցվել էր թուրքական սահմանի մոտակայքում, ինչից հետո անհայտ զինյալներն իջեցրել էին կանանց, իսկ տղամարդկանց տարել էին անհայտ ուղղությամբ։

 

Ի դեպ, լիբանանյան «Ազդակ» օրաթերթի Դամասկոսի թղթակիցը երեկ կարողացել է կապ հաստատել Հալեպի հետ և ճշտել, որ բացի հայաշատ Սուլեյմանիե թաղամասում մի քանի օր առաջ ընկած հրթիռից, այլ դեպքեր հայաշատ թաղամասերում գրեթե չեն արձանագրվել։

 

Նշենք, որ շուրջ մեկ շաբաթ Հալեպի հետ կապ հաստատելն անհնար էր, քանի որ չէին գործում քաղաքային, բջջային և համացանցային կապերը։

 

Թղթակիցը նշել է, որ շրջակայքից լսվում են տարբեր տեսակի զենքերի ձայներ։ Ինչ վերաբերում է կենցաղային խնդիրներին, սննդամթերք կարելի է գնել բավական թանկ գներով։ Վառելանյութի խիստ պակաս կա։
Հալեպահայ համայնքը պատրաստվում է առաջիկա շաբաթվա ընթացքում դպրոցների վերաբացմանը։

 

«Ազդակ»-ի թղթակիցը նաև տեղեկացրել է, որ Դամասկոսում համեմատաբար հանգիստ է, սակայն որոշ շրջաններում ականներ են պայթել՝ պատճառելով նյութական վնասներ։ Երեկ եկեղեցիներում Սիրիայի խաղաղության համար աղոթքի օրվան բազմաթիվ հավատացյալներ են մասնակցել։