Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայ բարերար և գործարար Լևոն Հայրապետյանի գործով հետաքրքրվողներին կոչ է անում զինվել համբերությամբ և սպասել ևս մի փոքր, քանի որ խնդիրը ժամանակավոր է և հարցը ընթացքում պարզաբանվելու է:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արա Աբրահամյանը շեշտում է, որ միությունն առաջին օրվանից եղել է Հայրապետյանի կողքին, հանդիպել իրավաբանների հետ:

 

«Մենք երաշխավորել ենք և հատուկ նամակ ուղարկել: Զրուցել եմ բազմաթիվ իրավաբանների հետ, և նրանք բոլորն էլ ասում են, որ ժամանակի հարց է: Այժմ Լևոն Հայրապետյանը ստանում է համապատասխան բուժում, անհրաժեշտ դեղորայք, իր մեղքը մենք չենք տեսնում, և ժամանակ է պետք, որ քննությունը դա պարզի»,- ասաց Արա Աբրահամյանը' հավելելով, որ Հայրապետյանի գործը ոչ թե քաղաքական բնույթ ունի, այլ' տնտեսական' երկու այլ խոշոր բիզնեսմենների միջև:

 

Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինագինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անվանում է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթի» վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել:

 

Հուլիսի 24-ին դատարանը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: Հոկտեմբերի սկզբին Հայրապետյանը տնային կալանքի տակ է հայտնվել: