Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը հունվարի 18-ին ձեռնամուխ կլինի ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանի նկատմամբ քրեական գործի ըստ էության քննելուն' խարդախության մեղադրանքով, որը կապված է նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար ստանալու հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Լևոն Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի չորրորդ մասով նախատեսված հանցագործություն (խարդախություն) կատարելու մեջ: Հետաքննության տվյալներով՝ 2010 թվականի հունիսից մինչև օգոստոս Հայրապետյանը, փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ համատեղ «խաբեության և վստահության չարաշահման ճանապարհով մոլորության մեջ է գցել Մոսկվայի բնակչուհուն՝ խոստանալով դրամական վարձատրության դիմաց հասնել նրա որդու նկատմամբ ավելի մեղմ դատավճռի կայացման»: Դրա դիմաց Հայրապետյանը նրանից դրամական միջոցներ է ստացել 700 հազար դոլարի չափով: Իրականում Հայրապետյանը հնարավորություն չի ունեցել ազդելու տվյալ դատավճռի վրա:
Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է 2014 թվականի հուլիսին նախկին սենատոր Իգոր Իզմեստևի խոստովանական ցուցմունքներից հետո, որը ցմահ բանտարկության է դատապարտված առանձնապես ծանր մի շարք հանցագործություններ կատարելու համար: