Մոսկվայի Բասմանյան դատարանն ապրիլի 13-ին քննելու է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ Լեւոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարացնելու հետաքննության խնդրանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնելէ դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեեւան:
«Հետաքննությունը խնդրում է Հայրապետյանի տնային կալանքը երկարացնել մինչեւ հուլիսի 15-ը»,- ասել է մամուլի քարտուղարը:
Հայրապետյանին մեղադրում են 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնեֆտը» «Սիստեմա» արդյունաբերական-ֆինանսական ընկերության կառույցներին վաճառելուն մասնակցելու մեջ:
Հետաքննության տվյալներով՝ Հայրապետյանն ունի կրկնակի քաղաքացիություն եւ ունեցվածք արտասահմանում: Մասնավորապես, վերջին ժամանակներս նա ապրել է Մոնակոյում: Հետաքննությունը հենց այս փաստով էր հիմնավորում նրան քննչական մեկուսարանում պահելու անհրաժեշտությունը: Հոկտեմբերի սկզբին գործարարին փոխադրել էին տնային կալանքի: Հայրապետյանի փաստաբանն ավելի վաղ հայտարարել է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը խիստ վատացել է, եւ խնդրել է ազատել նրան: