Մոսկվայի Բասմանյան դատարանը կքննի գործարար Լեւոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարացնելու հարցը, որը մեղադրվում է «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի վաճառքի գործով վատնումների եւ դրամական միջոցների լվացման մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

65-ամյա ձեռնարկատերը հուլիսի 15-ին ձերբակալվել է Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, ուր նա ժամանել էր Նիցայից: Հետաքննությունը պնդում Է, որ «Բաշնեֆտ»-ի նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը Հայրապետյանի հետ միասին մշակել են Բաշկիրիայի ջերմաէներգետիկական համալիրի ձեռնարկությունների բաժնետոմսերի հափշտակման հանցավոր պլան: Իր հերթին, «Սիստեմա» ֆինանսա-արդյունաբերական խումբ ԲԲԸ-ի համասեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը կազմակերպել է հանցավոր ճանապարհով ստացված ունեցվածքի օրինականացումը:

 

Հայրապետյանը ձերբակալվել է Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի խոստովանական ցուցմունքներից հետո, որը ցմահ բանտարկության է դատապարտված մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների համար: Նախկին սենատորը պատմել է, որ Հայրապետյանն իբր 2009 թվականին մասնակցել է Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերը «Սիստեմա»-ի կառույցներին վաճառելուն:

 

Հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը Հայրապետյանին կալանքի տակ էր դրել, բայց հոկտեմբերի 3-ին նրան փոխադրել էին տնային կալանքի՝ առողջական վիճակի կապակցությամբ: Գործարարը չի ընդունում մեղքը եւ մերժում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները: