ԱՄՆ Գերագույն դատարանը վարույթ է ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ որոշ երկրներից միգրանտների մուտքն այդ երկիր արգելող հրամանագրի վերաբերյալ գործը: Ինչպես հաղորդում է AP-ը, գործի ուսումնասիրության ընթացքում դատարանը կասեցրել է ավելի ցածր ատյանի դատարանների որոշումները, որոնք արգելում էին հրամանագրի ուղղակի գործողության որոշ դրույթներ, ուստի դրանք կսկսեն գործարկվել:
Հունիսի կեսերին ԱՄՆ վերաքննիչ դատարաններից ևս մեկը արգելել էր Թրամփի ստորագրած հրամանագրի գործողությունը: Հրամանագիրը նախատեսում էր 90 օրով արգելել Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Այն միաժամանակ 120 օրով դադարեցնում էր փախստականների ընդունման ծրագիրը: Սպիտակ Տան մամուլի քարտուղար Շոն Սպայսերը հույս էր հայտնել, որ դատարանն ընդհանրապես կչեղարկի ավելի ցածր ատյանների դատարանների որոշումները: