Հնդկաստանի Գերագույն դատարանը փետրվարի 17-ին վճիռ է կայացրել այն մասին, որ կին սպաներին կարող են թույլատրել հրամանատարական պաշտոններ զբաղեցնել և բանակում կարիերա անել տղամարդկանց հետ հավասար:
Ինչպես հայտնել է NDTV հեռուստաալիքը, գերագույն դատավորները որոշել են, որ դրա դեմ կառավքրության առարկությունները «խտրական են» և հիմնված կարծրատիպերի վրա՝ տեղեկացնում է TASS-ը։
Ավելի վաղ իշխանություններն ի պատասխան դատավորների հարցմանը հայտարարել էին, թե շարքային զիվորների և այլ ստորին աստիճանների կարգում հիմնականում ծառայում են տղամարդիկ առավելապես գյուղական վայրերից, որոնք ունեն ավանդական պատկերացումներ և «մտածելակերպով պատրաստ չեն կին սպաներին ընդունելու որպես հրամանատարների»: Բայց Հնդկաստանի բարձրագոււյն դատական ատյանը նշել է, որ այդ դեպքում «մտածելակերպը պետք է փոխվի»:
«Եկել է ժամանակը, որ կին սպաները ենթակա չլինեն տղամարդ գործընկերներին: Կանանց ֆիզիոլոգիական առանձնահատկություններն առնչություն չունեն նրանց իրավունքների հետ»,- նշել են դատավորները՝ մատանշելով, որ երկրի Սահմանադրությունը երաշխավորում է բոլոր քաղաքացիների հավասար իրավունքները: Բացառված չէ, որ այժմ հնդկուհիները կարողանան լինել ստորաբաժանումների հրամանատարներ նաև մարտական գործողությունների ընթացքում, ինչն ավելի վաղ չի եղել։
Հնդկաստանի զինված ուժերում կին սպաներ կան նավատորմում և օդուժում, ինչպես նաև բժշկական գումարտակներում: Հնդկուհիներին սկսել են սպայական պաշտոններում ծառայության թույլ տալ 1990-ական թվականների սկզբից: Բայց ցամաքային ուժերում նրանք մինչ օրս չեն կարող ծառայել հետևակազորում, զրահատանկային զորամասերում, հրետանային, մոտոհետևակազորում կամ հատուկ ստորաբաժանումներում (սոսկ օժանդակ պաշտոններում): Կանայք չեն մասնակցում մարտական գործողություններին։