Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Մոսկվան նախկինի պես Եվրամիությանը համարում է գործընկեր եւ պատրաստ է քննարկել ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման հարցը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին: Նրա խոսքով՝ այժմ պետությունների միջեւ հարաբերություններում եկել է շրջադարձային պահը:
«Մեր անցյալ շփումների ընթացքում մենք ասել ենք, որ Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները մոտեցել են յուրատեսակ ճշմարտության պահի, երբ անհրաժեշտ Է որոշում ընդունել հեռանկարում փոխգործակցության զարգացման վեկտորի վերաբերյալ եւ պատասխանել հետեւյալ հարցին. մենք միմյանց համար ռազմավարական գործընկերներ ենք արդյոք, թե, այնուամենայնիվ, մնում ենք աշխարհաքաղաքական ախոյաններ»,- ասել Է նախարարը Եվրոպայի բիզնեսի ասոցիացիայի մաս կազմող ընկերությունների ղեկավարների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Ըստ որում Ռուսաստանը պատրաստ Է «փոխգործակցել այլ երկրների, այլ տարածաշրջանային միավորումների հետ», այդ թվում՝ Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման հեռանկարի քննարկմանը, ասել Է Լավրովը:
Նա ընդգծել Է, որ Մոսկվան Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցները դիտում Է որպես անիրավական եւ կարծում Է, որ ԵՄ-ն պետք Է դրանք չեղյալ հայտարարի ինքը: «Իսկ ինչ-որ մեկի կողմից ստիպողաբար առաջ քաշված պահանջները կատարել մենք չենք պատրաստվում»,- հավելել Է նախարարը: