Ռուսաստանը ստուգում է իրականացնում շուկաներում՝ պարզելու վաճառվող բրինձը պլաստիկի՞ց է, թե՝ ոչ։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունը։
 
Ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ ծառայությունը հսկիչ գնումներ է իրականացնելու ՌԴ այն տարածքներում, որտեղից ստացվել են կասկածելի որակի բրնձի առկայության մասին լուրեր։ Մասնավորապես, ծառայությունը կստուգի կասկածելի բրնձի որակը և անվտանգությունը, ինչպես նաև կից փաստաթղթերն ու ապրանքային պիտակավորումները:

Իսկ մինչ պետական կառույցը կճշտի պլաստիկե բրնձի մասին լուրերի իսկությունը, կոչ է անում սպառողներին չվստահել պատահական լուրերին և կասկածներ ունենալու դեպքում դիմել իրենց։
 
«Սոցիալական կայքերում տեղեկություններ ու տեսագրություններ են տարածվում բրնձի մասին, որը ստացվել է պլաստիկից, և որը վաճառակետերում վաճառվում է սովորական բրնձի անվան տակ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
 
Հիշեցնենք` օրեր առաջ ահազանգեր եղան Հայաստանում տարօրինակ բրնձի վաճառքի մասին, որոնք ունեն տհաճ հոտ և անորակ են:
 
Հայաստանի սննդի անվտանգության պետական ծառայությունն արդեն մի քանի օր է՝ բրնձի փորձաքննություն է իրականացնում, սակայն արդյունքների մասին առայժմ չի հայտարարվել։ Նշենք նաև, որ խնդրի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև գյուղնախարար Իգնատի Առաքելյանը: