Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հավաստմամբ' Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը տնտեսական զարգացման, ինչպես նաև անվտանգության լրացուցիչ երաշխիքների լայն հնարավորություններ կստեղծի ՀՀ-ի համար: Հոկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց պատգամավորը: «Ապրանքների ազատ տեղաշարժի հնարավորությունը կընձեռնի կապիտալի, աշխատուժի, ներդրումների ազատ տեղաշարժ: Քանի որ Հայաստանն ունի Եվրապական միության GPS+ առևտրային արտոնությունը, եվրոպական մի շարք երկրներ կօգտվեն դրանից ու իրենց ապրանքների տեղափոխման մի մասը կիրականացնեն ՀՀ-ի միջոցով, որը Հայաստանի համար շահեկան կլինի»,- ասաց նա:

 

Բանախոսի դիտարկմամբ' առաջիկայում' ԵՏՄ-ին միանալու պայմանագրի գործարկումից հետո, լուրջ թանկացումներ չեն սպասվում: «Պետք է նշեմ, որ այդ պայմանագրով Հայաստանին տրված են նաև որոշակի արտոնություններ, հինգ տարվա ընթացքում այն ապրանքների մաքսատուրքերի մասով, որոնք ՀՀ ներկրման համար չեն համապատասխանում ԵՏՄ մաքսատուրքերին, որևէ փոփոխություն չի լինի: Բացի այդ' ունենք բավականին թվով ապրանքախմբեր, որոնց համար մասքատուրքերը ԵՏՄ-ում ավելի ցածր են, քան Հայաստանում, ու այդ արտոնությունից ևս կարող ենք օգտվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' փաստեց պատգամավորը:

 

Հարցին ի պատասխան, թե ԵՏՄ-ին անդամակցությունը որքանով է նպատակահարմար այս ժամանակահատվածում, երբ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից պատժամիջոցներ են կիրառվում, Գագիկ Մելիքյանը նշեց. «Արևմուտքի պատժամիջոցները լուրջ ազդեցություն են ունեցել Ռուսաստանի տնտեսության վրա, բայց պետք է նշել, որ այն երկրները, որոնք այդ պատժամիջոցները կիրառել են Ռուսաստանի նկատմամբ, ևս կրել են վնասներ:

 

Այո, Ռուսաստանի տնտեսությունն անկում է ապրում, այո, այն մեր տնտեսության վրա իր բացասական ազդեցությունը կունենա, տրանսֆերտների ծավալը նվազել է, որը բացասական հետք կթողնի մեր տնտեսության վրա, սակայն սա ժամանակավոր բնույթ կարող է կրել: Եվ, եթե հետևենք համաշխարհային զարգացումներին, կարող ենք ակնկալել, որ պատժամիջոցների կիրառումն առաջիկայում կնվազի: Համոզված եմ, որ առաջիկա տարում դրական տեղաշարժեր կլինեն»,- հավելեց Գագիկ Մելիքյանը: Նա նաև ավելացրեց, որ տնտեսական աճի անկումը չպետք է կապել միայն ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների հետ:

 

Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Հայաստանի Հանրապետության նախագահն ստորագրեց Եվրասիական տնտեսական միության անդամակցելու պայմանագիրը, որը ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: