Հայաշատ Հալեպում 4-օրյա հոսանքազրկումից հետո ի վերջո մի քանի ժամով էլեկտրականությունը վերականգնվել է: Հալեպի լրատվական գրասենյակից Մարիա Գաբրիելյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ ջրի մատակարարումը նույնպես վերականգնվել է: Քաղաքում ապահովության վիճակը գրեթե նույնն է, հրթիռներն ավելի քիչ թվով են ընկնում, թեև չեն դադարել: Նրա խոսքով՝ երկու օր առաջ հայաբնակ շենքի վրա հրթիռ էր ընկել՝ պատճառելով մեծ նյութական վնաս:

 

Դպրոցական կյանքը կանոննավոր կերպով է ընթանում: Միութենական կյանքը ևս աշխույժ է: Շաբաթ՝ հոկտեմբերի 11-ին, Հալեպի ազգային վարժարաններն ու Ազգային Քարեն Եփփե ճեմարանը նշել են Թարգմանչաց տոնը:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ հայաշատ Հալեպը մի քանի օր հոսանքազրկված և խավարի մեջ է: Բնակիչները շարունակում են անորոշության և վախի զգացումով ապրել:

 

Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է, ամայացած ու ավերակ: Թաղամասում ընկած հրթիռները, մարդկային վնասներից բացի, նյութական սարսափելի վնասներ են պատճառել: Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնելու ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման: