Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պիեր Կլիվ Աժյուսը: Նախագահը շնորհավորել է դեսպանին' մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է Մալթայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանի իշխանություններն ամենայն աջակցություն կցուցաբերեն դեսպան Աժյուսին՝ հայ-մալթական կապերի զարգացմանն ուղղված նրա նախաձեռնություններում:

 

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ ավելի քան քսան տարվա ընթացքում, հարաբերությունները և տարբեր ոլորտներում փոխգործակցությունը դեռևս ցանկալի մակարդակի չեն հասել: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Պիեր Կլիվ Աժյուսի նշանակմամբ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում առաջընթաց կարձանագրվի:

 

Դեսպանն ընդգծել է, որ այդ նշանակմամբ Մալթայի իշխանություններն իրենց պատրաստակամությունն ու շահագրգռությունն են արտահայտել Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում, և վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերն ավելի ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ: