Հայրենասիրական դաստիարակության բացակայությունն անվտանգության համար սպառնալիք է, և այդ ուղղությամբ անցկացվող միջոցառումներն անհրաժեշտություն են: Ձևակերպումը ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանինն է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախարարը վստահ է, որ ցանկացած կրթօջախում ուսումնադաստիարակչական գործընթացին զուգահեռ պետք է կազմակերպվեն ռազմահայրենասիրական դաստիարակությանը նվիրված միջոցառումներ, անհրաժեշտ է երիտասարդներին պատրաստել, որ մաս կազմեն անվտանգության ապահովման խնդիրներին:
«Ռազմահայրենասիրական դաստիարակությունը մեծ ներդրում է երկրի միաբանման և գաղափարապես ավելի ամուր լինելու հարցում: Ծանր ժամանակահատված ենք ապրում: Ձեռք ենք բերել անկախություն, բայց տարածաշրջանային իրադրությունն ու հակամարտությունները ստիպում են, որ անընդհատ մտածենք ՀՀ շուրջ անվտանգության միջավայրի ձևավորման մասին և կանխենք սպառնալիքները:
Այս առումով բարձր է երիտասարդության դերակատարությունը»,- ասաց նախարարը' շեշտելով, որ Արցախյան ազատամարտում էլ միասնականությունն ու ռազմահայրենասիրական դաստիրակությունն իր արդյունքը տվել է, և մեզ պարտադրված լուրջ մարտահրավերների, պատերազմի, շրջափակման և երկրաշարժի պայմաններում, լինելով միասնական, մարտական գործողություններին զուգահեռ ստեղծել ենք բանակ և բանակի հետ միասին ապահովել մեր երկրի պաշտպանությունը: