Ադրբեջանի կողմից գերեվարված եւ սպանված' Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի դին համապատասխան դատաբժշկական փորձաքննություններ է անցել: Արդյունքների պարզ դառնալուց հետո Հայաստանը կձեռնարկի միջոցառումներ կատարվածին համապատասխան գնահատական տալու առնչությամբ:

 

«Դատաբժշկական փորձաքննության արդյուքններից հետո Հայաստանում եւ միջագային կառույցներում հարց կբարձրացվի կատարվածին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան' նշեց Սեյրան Օհանյանը:

 

Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել էր օգոստոսի 7-ին եւ գերի ընկել: Օգոստոսի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցեցին, որ անհասկանալի պայմաններում Պետրոսյանի մոտ գրանցվել է սրտի կանգ: Մահից 2 ամիս անց' հոկտեմբերի 10-ին ադրբեջանական կողմը Հայաստանին հանձնեց Կարեն Պետրոսյանի մարմինը:

 

Սա առաջին դեպքը չէ, երբ սահմանը հատած խաղաղ քաղաքացուն Ադրբեջանում սպանում են: 2010 թ. սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ քսանամյա Մանվել Սարիբեկյանը գերեվարվել էր. հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ նա մահացել է բանտախցում՝ Բաքվում։

 

Մահից առաջ ադրբեջանական ANS TV հեռուստաընկերությունը պատրաստել էր թողարկում, որում Մանվել Սարիբեկյանի հարցազրույց էր տալիս հեռուստաընկերության աշխատակցին։ Նա խոստովանում էր, որ իբր լրտես է և ահաբեկիչ։ Սարիբեկյանի դին Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել նոյեմբերի 4-ին, փոխարենն' Ադրբեջանին է հանձնվել Ադրբեջանի քաղաքացի Էլդար Թաղիևին։ Հայաստանում կատարված դատաբժշկական հետաքննությունը ցույց է տվել, որ Սարիբեկյանը ենթարկվել է կտտանքների:

 

2014թ. հունվարի 28-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը դույլը ձեռքին հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու գերեվարվել: Ադրբեջանական կողմը ծերունուն համարել էր դիվերսանտ: Խոջոյանը հայրենիք է վերադարձվել մարտի 4-ին, նրա մարմնին եւ դեմքին կային բազմաթիվ վնասվածքներ:

 

Ադրբեջանում նա ենթարկվել էր կտտանքների, նրան անգամ բենզին էին ներարկել: Չնայած տրամադրված բժշկական օգնությանը' Մամիկոն Խոջոյանը չկարողացավ ապաքինվել եւ մայիսի 20-ին կնքեց մահկանացուն: