Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը ուսումնասիրում է օգոստոսի 7-ին Ադրբեջանի Աղբուլաղ գյուղում գերեվարված հայազգի Կարեն Պետրոսյանի գործի հետ կապված է մամուլում տեղ գտած հրապարակումներն ու խնդրի մանրամասները:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում միջ ազգային կառույցի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ կազմակերպությունը սպասում է հայտի Հայաստանի իշխանություններից, որպեսզի իր մանդատի շրջանակներում սկսի աշխատանքը: «Այդ աշխատանքն առաջին հերթին կազմակերպության Բաքվի գրասենյակի հետ կապի հաստատումն ու Պետրոսյանին այցելելու հնարավորություն ստանալն է:

 

Առայժմ դեռ չենք ստացել հայտ Հայաստանի իշխանություններից որեւէ աշխատանք կատարելու ուղղությամբ եւ այս պահին ուսումնասիրում ենք մամուլում տեղ գտած հրապարակումները»,- ասաց Զառա Ամատունին:

 

Մինչ այդ, ադրբեջանական լրատվամիջոցները հերթական անգամ խախտել են Ժնեւյան կոնվենցիայի մի շարք կետեր, որոնք վերաբերում են գերի ընկած անձանց իրավունքներին: Կարեն Պետրոսյանի լուսանկարներն արդեն տարածվել են ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներով եւ նրան ներկայացնում են որպես դիվերսանտի:

 

Ավելի վաղ, Տավուշի սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել էր, որ իրենց գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել: Նրա գերեվարվելու մասին լուրերն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները' հայտնելով, որ հայ գերին հայտնաբերվել է Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակչի կողմից: «Այդ տղան սեր ուներ խմիչքի հետ, դեռեւս հայտնի չեն սահմանը հատելու հանգամանքները, սակայն կասկածներ կան, որ նա խմած է եղել: Փորձում ենք պարզել' ինչպես է դա տեղի ունեցել»,-ասել էր Սաղոյանը: