Ադրբեջանի իշխանությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեին տեղեկացրել են, որ օգոստոսի 7-ին միջազգային սահմանը հատած Հայաստանի քաղաքացի Կարեն Արտուշի Պետրոսյանը մահացել է: «Գործելով որպես անկողմնակալ միջնորդ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է Հայաստանի իշխանությունների եւ մահացածի ընտանիքի հետ: ԿԽՄԿ-ն այս դեպքի հետ կապված բոլոր խնդիրների վերաբերյալ համապատասխան իշխանությունների ետ կոնֆիդենցիալ երկխոսություն է իրականացնում: ԿԽՄԿ-ն հանրայնորեն չի մեկնաբանելու դեպքի հանգամանքները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 7-ին Թովուզի Աղբուլաղ գյուղում գերի ընկած Տավուշի շրջանի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 8-ի առավոտյան «հանկարծակի անհայտ պատճառով մահացել է»: Ըստ հաղորդագրության' նախնական տվյալներով' Պետրոսյանի մահվան պատճառը «սիրտ-թոքային խիստ անբավարարությունն է, խիստ միոկարդիալ անբավարարությունը»: Ներկայում Ադրբեջանի ՊՆ դատաբժշկական փորձագիտական եւ պաթոլոգոանատոմիական կենտրոնի Գյանջայի տարածաշրջանային բաժանմունքի փորձագետները իբր պարզում են հայ գերու մահվան իրական պատճառը:

 

Տավուշի սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել էր, որ իրենց գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել: Նրա գերեվարվելու մասին լուրերն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները' հայտնելով, որ հայ գերին հայտնաբերվել է Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակչի կողմից: «Այդ տղան սեր ուներ խմիչքի հետ, դեռեւս հայտնի չեն սահմանը հատելու հանգամանքները, սակայն կասկածներ կան, որ նա խմած է եղել»,-ասաց Սաղոյանը: Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, հայտնել էին, որ գերեվարված անձը 1965թ. ծնված Արտուշ Պետրոսյանն է: «Արմենպրես»-ի ճշգրտող հարցին' Չինարիի գյուղապետը հստակ նշեց, որ գերեվարվածը Արտուշ Պետրոսյանի որդին է' Կարենը, ով 31 տարեկան է:

 

Սա առաջին դեպքը չէ, երբ սահմանը հատած խաղաղ քաղաքացուն Ադրբեջանում սպանում են: 2010 թ. սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ քսանամյա Մանվել Սարիբեկյանը գերեվարվել էր. հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ նա մահացել է բանտախցում՝ Բաքվում։ Մահից առաջ ադրբեջանական ANS TV հեռուստաընկերությունը պատրաստել էր թողարկում, որում Մանվել Սարիբեկյանի հարցազրույցը էր տալիս հեռուստաընկերության աշխատակցի հետ։ Նա խոստովանում էր, որ իբր լրտես է և ահաբեկիչ։ Սարիբեկյանի դին Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել նոյեմբերի 4-ին՝ փոխարենը Ադրբեջանին հանձնելով Ադրբեջանի քաղաքացի Էլդար Թաղիևին։ Հայաստանում կատարված դատաբժշկական հետաքննությունը ցույց է տվել, որ Սարիբեկյանը ենթարկվել է կտտանքների:

 

2014թ. հունվարի 28-ին Վերին Կարմիր աղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը դույլը ձեռքին հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու գերեվարվել: Ադրբեջանական կողմը ծերունուն համարել էր դիվերսանտ: Խոջոյանը հայրենիք է վերադարձվել մարտի 4-ին, նրա մարմնին եւ դեմքին կային բազմաթիվ վնասվածքներ: Ադրբեջանում նա ենթարկվել էր կտտանքների, նրան անգամ բենզին էին ներարկել: Չնայած տրամադրված բժշկական օգնությանը' Մամիկոն Խոջոյանը չկարողացավ ապաքինվել եւ մայիսի 20-ին կնքեց մահկանացուն: