Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի դիտարկմամբ, ադրբեջանական գերության մեջ սպանված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան փաստի կապակցությամբ հետաքննությունը պետք է իրականացվի բոլոր կողմերի պայմանավորվածության հիման վրա: «Հետաքննության հարցը կախված է ոչ միայն Ռուսաստանից:

 

Իմ կարծիքով, այն պետք է անցկացվի բազմակողմանի հիմքերի վրա, և ներգրավված պետք է լինեն բոլոր կողմերը' հնարավոր միջադեպերի ռիսկերը նվազեցնելու և հետաքննության մեխանիզմի արդյունավետ աշխատանքի համար»,- օգոստոսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԴ դեսպանը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարություն էր տարածել Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան փաստի առնչությամբ' նշելով. «Մենք խորապես ցավում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորված լինելը ուղեկցվում է մարդկային կորուստներով և ոչ միայն զինված ընդհարումների ժամանակ:

 

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կարեն Պետրոսյանի, ինչպես նաև կյանքից զրկված մյուս հայերի ու ադրբեջանցիների հարազատներին: Նման տիպի բոլոր միջադեպերի մանրակրկիտ հետաքննության անցկացումը անհրաժեշտություն է»:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացրած վարկածով' Թովուզի Աղբուլաղ գյուղում գերի ընկած Տավուշի շրջանի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը մահացել է օգոստոսի 8-ի առավոտյան' «հանկարծակի անհայտ պատճառով»:

 

Ըստ հաղորդագրության' նախնական տվյալներով' Պետրոսյանի մահվան պատճառը «սիրտ-թոքային խիստ անբավարարությունն է, խիստ միոկարդիալ անբավարարությունը»: Սա առաջին դեպքը չէ, երբ սահմանը հատած խաղաղ քաղաքացուն Ադրբեջանում սպանում են:

 

Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքների թափանցիկ հետաքննություն պահանջեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները' ԱՄՆ-ը և Ֆրանսիան: