Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին Վարդան Պետրոսյանի վթարի ենթարկվելու գործով հարցաքննվել է նաեւ Հայկական 2-րդ հեռուստալիքով եթեր հեռարձակվող «Չէին սպասում» հաղորդման հեղինակ եւ վարող Սուրեն Շահվերդյանը:

 

Նա կանչվել է հարցաքննության, քանի որ մինչեւ վթարը եղել է Վարդան Պետրոսյանի հետ: Սուրեն Շահվերդյանը հաստատեց NEWS.am-ի տեղեկությունը՝ հավելելով, որ արդեն հարցաքննվել է: «Սարալանջ գյուղում գտնվող իր առանձնատանն ենք եղել, նկարահանել ենք մեր հաղորդումը՝ «Չէին սպասումը»: Մենք իրենից շուտ ենք դուրս եկել, ժամը 18.00-ին, ինքը՝ ավելի ուշ»,- պատմեց Սուրեն Շահվերդյանը:

 

Նա նշեց, որ ալկոհոլ չեն օգտագործել եւ շեշտեց, որ դերասանը կատեգորիկ ալկոհոլ չի օգտագործում իր ներկայացումներից առաջ, իսկ դրա հաջորդ օրը նրա «Ամեն երկուշաբթի» ներկայացումն էր:

 

Սուրեն Շահվերդյանն ասաց, որ այժմ կոռեկտ չէ այդ հաղորդումը եթեր տալը՝ հաշվի առնելով տուժող մյուս կողմի վիճակը: «Մի օր կտանք, բայց հիմա տեղին չէ: Ցավում եմ շատ դեպքի համար, պատկերացնում եք մյուս կողմի վիճակը, երբ տեսնի, որ ինքը այնտեղ ուրախ, զվարթ ներկայացնում է իր առանձնատունը: Շատ ուրախ, զվարթ, ինչպես միշտ, հետաքրքիր հաղորդում է, բայց ցավում եմ, որ այս պահին չենք կարող եթեր տալ, անտակտություն կլինի»,- ասաց հաղորդման հեղինակը եւ վարողը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են, դերասանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Այժմ հիվանդանոցում գտնվում է բազմաթիվ կոտրվածքներ ստացած Տաթեւ Հակոբյանը:

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էին, որ առկա է Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում: Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել էր, նրա մոտ առկա էր շնչառության թուլացում եւ ճնշման տատանումներ: Սկզբից դերասանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա՝ «Սթրես» կենտրոն: Դերասանի առողջական վիճակի կայունացումից հետո նրան կձերբակալեն: