Համատեղ զորք ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ պայմանագրի ստորագրումը լուրջ սպառնալիք կստեղծի վրաց-ռուսական հարաբերությունների նորմալացման գործընթացի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել Է հոկտեմբերի 15-ին:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել են ռուսական մի շարք ԶԼՄ-ներ, Աբխազիայի խորհրդարան Է մտցվել ՌԴ-ում պատրաստված «Համագործակցության եւ ինտեգրացման մասին» պայմանագիրը, որը համատեղ բանակի փաստական ստեղծում Է նախատեսում: Մասնավորապես, պայմանագրի հինգերորդ հոդվածով ենթադրվում Է «ՌԴ-ի եւ Աբխազիայի զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծում ագրեսիան դիմագրավելու համար»:

 

«Ցավոք, վերը նշված տեղեկատվությունը եւ այսպես կոչված համաձայնագրի նախագծի տեքստը մատնանշում են, որ Ռուսաստանը դեռեւս շարունակում Է կոպտորեն խախտել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները եւ անտեսել ստանձնած պարտավորությունները… Այսպես կոչված պայմանագրի ստորագրումը եւ դրա իրագործումը լուրջ սպառնալիք կստեղծի վրաց-ռուսական հարաբերությունների նորմալացման գործընթացի համար, զգալիորեն կվնասի Ժնեւի միջազգային բանակցություններին, որոնք առանձնակի կարեւորություն ունեն»,-ասված Է ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

 

Այդ կապակցությամբ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիմում Է միջազգային հանրակցությանը, որպեսզի նա առանձնակի ուշադրությամբ վերաբերվի վերը նշված հարցին եւ «Ռուսաստանի մտադրությանը, որի իրականացումը որակապես կփոխի տարածաշրջանի իրադրությունը եւ, ամբողջությամբ ստեղծված, լրացուցիչ խնդիրներ կստեղծի եվրոպական անվտանգության համար»,-հաղորդել Է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը: