Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձաժողովն առաջիկայում կքննարկի «Պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորումը եւ ծախսերի արդյունավետ վերահսկողությունը» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում բարձրացված հարցերը և դրանց վերաբերյալ հանդես կգա առաջարկներով: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներ քին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ ամփոփելով լսումների արդյունքները:

 

«Մենք անդրադառնալու ենք բոլոր հարցադրումներին, որոնք եղել են այսօրվա լսումների ժամանակ: Մեր հիմնական նպատակը լինելու է բարձրացնել խորհրդարանական վերահսկողության արդյունավետությունը պաշտպանական ոլորտի բյուջեի ձևավորման վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նահապետյանը:

 

Պատգամավորը նկատեց, որ խորհրդարանը, ունենալով Սահմանադրությամբ և օրենքով վերապահված որոշակի լիազորություններ, գործնականում ամբողջությամբ չէ, որ բավարար չափով գործածել է այդ լիազորությունները, և այդ առումով դեռ անելիքներ կան: «Ես կարծում եմ, որ իմ շատ գործընկերներ կհամաձայնեն ինձ հետ, որ անելիքների առումով խորհրդարանական հանձնաժողովը աշխատանքներ ունի անելու: Սակայն պետք է ասեմ նաև, որ մենք ունենք պատրաստակամություն և քննարկում ենք գործողություններ, որպեսզի այդ արդյունավետության մակարդակը բարձրանա»,- ընդգծեց Նահապետյանը:

 

Կորյուն Նահապետյանը դիմեց նաև լրագրողներին՝ նրանց կոչ անելով առավել հաճախ լուսաբանել խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի աշխատանքները, ինչը հնարավորություն կտա ավելի շատ տեղեկատվություն ունենալ՝ հասարակությանը հանձնաժողովի աշխատանքների մասին տեղեկացնելու համար: