Երևանը հյուրընկալել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի 21 երկրների ֆինանսիստներին' քննարկելու համար պետական ֆինանսների կառավարման ոլորտում բյուջետային միջոցների առավել արդյունավետ օգտագորման հարցերը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Երևանում անցկացվու մ է «Պետական ծախսերի կառավարման փոխադարձ ուսուցման և փորձի փոխանակման» միության Բյուջետային ընկերակցության լիագումար նիստը: Դրա նպատակն է կատարելագործել պետական ծախսերի նկատմամբ կառուցվածքային վերահսկողությունը' պետական ֆինանսների կառավարման նոր գործիքակազմի կիրառմամբ:

 

 

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի խոսքով' աշխարհը գտնվում է մի հանգրվանում, որտեղ ոչ ստանդարտ լուծումներ են անհրաժեշտ, որոնք ծնվում են նմանատիպ հարթակներում. քննարկումների, երկրների առաջավոր փորձի ուսումնասիրման և փոխանակման միջոցով գտնվում են ֆինանսական կառավարման համակարգի առավել արդյունավետ գործիքներ:

 

 

«Միությունը շատ լավ հարթակ է բոլոր այն երկրների համար, որոնք նպատակադրվել են անընդհատ բարելավել և ժամանակակից պայմաններին համապատասխանեցնել ֆինանսական կառավարման համակարգը: Առանձին ոլորտների նույնիսկ արագ զարգացումը կարող է անհրաժեշտ արդյունքների չհանգեցնել. անհրաժեշտ է ֆինանսական կառավարման բոլոր օղակների համախմբում և ներդաշնակեցում»,- նշել է Պավել Սաֆարյանը:

 

 

Համաշխարհային բանկի կառավարման գլոբալ պրակտիկայի ավագ տնօրեն Մարիո Մարսելը ևս կարևորել է քննարկումների անցկացումը քաղաքականության մշակման և որոշումների ընդունման համար պատասխանատուների միջև: «Երբ խոսքը վերաբերում է բարեփոխումներին, փորձարկումների համար ժամանակ չկա: Սխալ քայլեր իրականացնելու փոխարեն գերադասելի է վերցնել այլ երկրների առաջավոր փորձը, տեղայնացնել և կիրառել: Միությունն այն հարթակն է, որտեղ օրակարգը, իրենց համար հետաքրքրություն ներկայացնող թեմաները որոշում են իրենք' մասնակից երկրները»,- ասել է նա:

 

 

2014-ի հոկտեմբերին Հայաստանը ստանձնել է «Պետական ծախսերի կառավարման փոխադարձ ուսուցման և փորձի փոխանակման» միության երեք ընկերակցություններից մեկի' Բյուջետայինի նախագահությունը, որի 2015-ի լիագումար նիստի թեման' ֆիսկալ համախմբումը, ընտրվել է' հաշվի առնելով այն հանգամանքը, թե անդամ երկրներում վերականգնման ինչ քայլեր են իրականացվում 2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո: