Արարատյան արտեզյան ավազանի ավտոմատ կառավարման համակարգի ներդրման, Հայաստանի 6 ջրավազանների կառավարման պլանների մշակման և ջրային ռեսուրսների արդյունավետ և նպատակային օգտագործման հարցերը կառավարության եւ միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում են: Դրանք քննարկվել են նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելու թյան տնօրեն տիկին Քարեն Հիլլիարդի հանդիպմանը:

 

Ողջունելով հյուրերին' նախարարը շնորհակալություն է հայտնել USAID առաքելությանը Հայաստանում ծավալած գործունեության և մասնավորապես Բնապահպանության նախարարության հետ համագործակցության և աջակցության համար: Անդրադառնալով ջրի ազգային պաշարների և մասնավորապես' Արարատյան դաշտավայրում ստորերկրյա քաղցրահամ ջրի խնայողության և արդյունավետ կառավարման խնդրին' Արամայիս Գրիգորյանը բարձր է գնահատե լ այս ուղղությամբ USAID-ի կողմից արդեն իսկ իրականացրած ծրագրերը և հույս հայտնել, որ դրանք լավագույն հիմքը կդառնան առաջիկա համագործակցության համար ևս:

 

Արամայիս Գրիգորյանն առաջ է քաշել նաև հիդրոմոնիթորինգի իրականացման գործընթացում նորագույն տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը, ինչին ևս աջակցելու պատրաստակամություն է հայտնել USAID-ի հայաստանյան առաքելության տնօրենը:

 

Քարեն Հիլլիարդը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն այն երկրներից մեկն է, ում հետ USAID-ն պատրաստակամ է համագործակցելու և աջակցելու երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման գործում:

 

Կողմերը ձեռք են բերել նախնական պայմանավորվածություններ և պլանավորել առաջիկայում փորձագետների մակարդակով առավել հանգամանալից քննարկել համագործակցության մանրամասները: