Գեղարքունիքի մարզը գոտեւորող Վարդենիսի, Գեղամա, Արեգունու, Փամբակի, Սեւանի եւ Արեւելյան Սեւանի լեռնաշղթաների կատարներին եւ բարձրադիր գոտիներում հոկտեմբերի 19-ի գիշերվա ընթացքում արդեն ձյան շերտ է նստել:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ' ձյան շերտը նստած է ծովի մակերեւույթից մոտ 2400-3500 մետր բարձրություններում, իսկ 2000-2300 մետր բարձրություններում այն եղել է միլիմետրերի հաստության: Բարձրադիր գոտիների արոտատեղերից, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, անասնահոտերը ցած են իջել մեկ-երկու շաբաթ առաջ, իսկ ահա համեմատաբար ցածրադիր գոտիների արոտավայրերում արածեցվող անասնահոտերի համար ձյան աննշան շերտը արտակարգ իրավիճակ չի ստեղծել:
Վերջին օրերի տեղումները եւ ցուրտ եղանակը Գեղարքունիքում դանդաղեցնում են կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները:
Խոսրով Խլղաթյան