Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին Հայաստանի որոշումը պայմանավորված էր տնտեսական զարգացման լայն հնարավորություններով, որոնք բացվում են երկրի առջև: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

«Հոկտեմբերի 10-ին ստորագրվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Նման ո րոշումը պայմանավորված էր տնտեսական զարգացման նոր հնարավորություններով, որոնք լայնորեն բացվում են Հայաստանի առջև: Ավելին, հեռանկարներ են բացվում նաև օտարերկրյա ներդրողների համար, ովքեր Հայաստանի տնտեսական տարածքով կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ ԵՏՄ միասնական շուկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԱԺ փոխնախագահը:

 

Նա նաև վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել իր համագործակցությունը ԵՄ գործընկերների հետ' բոլոր ուղղություններով՝ հավելելով, որ խոսակցություններն այն մասին, թե ԵՏՄ անդամակցությամբ վտանգվում է կամ կործանվում է Հայաստանի ինքնիշխանությունը, չափազանցված են: