Դժվար է գտնել մի մարդու, ով չի սիրում Փարիզը՝ անկախ նրանից' եղել է այնտեղ, թե ոչ: Ունենալով 10 միլիոնից ավելի բնակչություն' տարեկան այն ընդունում է 28 միլիոն այցելու և նմանատիպ հսկա քաղաքի պահպանությունն ու զարգացումը պահանջում է առանձնահատուկ մոտեցում: Թե ինչպես է Փարիզը փորձում հաղթահարել արդի քաղաքակրթության մարտահրավերները, «Արմենպրես»-ը փորձեց պարզել օրերս Երևանում գտնվող' Փարիզի քաղաքապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Ժան-Իվ Քամյուի հետ զրույցում:
-Սա Ձեր Հայաստան 4-րդ այցելությունն է, որպես այցելու' ի՞նչ ակնառու փոփոխություններ եք Դուք նկատում:
-Առաջին անգամ Հայաստան էի եկել 2009 թ., և իմ այցելությունների մեծամասնությունը կապված է հիմնականում մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությունների հետ: Ամեն անգամ անկառու են մայրաքաղաքում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք կատարվում են երկրի տնտեսապես բարդ իրավիճակի առկայության դեպքում:
Զարմանալի է, որ նմանատիպ դրության դեպքում երկիրը ջանում է տնտեսապես զարգանալ: Այս դրական փոփոխություններն առավել աչքի ընկան արդեն օդանավակայանից քաղաք մուտքի ճանապարհին՝ այս անգամ քաղաքային միջավայրի բարելավումը անկեղծ աչքի զարնեց: Նաև փողոցում բավականին շատ եմ սկսել նկատել ինչպես անգլերեն, այնպես էլ ֆրանսերեն խոսող զբոսաշրջիկների:
-Իսկ որպես զբոսաշրջիկ' դուք տեսնո՞ւմ եք Երևանում մի խնդիր, որը, Ձեր կարծիքով, ցանկալի կլիներ շտկել:
-Գաղտնիք չէ, որ Հայաստանն ունի հսկա ներուժ զբոսաշրջային խոշոր կենտրոն դառնալու: Այնուամենայնիվ, որպես հայկական տառերին անծանոթ մարդ, կցանկանայի փողոցներում ավելին տեսնել ուղղություն ցույց տվող ցուցանակներ: Քանի որ հաճախ դժվար է գուշակել թե որտեղ ես և ինչպես գտնել այս կամ այն հուշարձանը:
Սակայն չեմ կարող չնշել քաղաքի կանաչապատման ավելացումը: Այն առավել կարևոր է' հաշվի առնելով, որ 2015թ. աշխարհը մուտք է գործելու տարի, որը ՄԱԿ-ը հայտարարել է որպես Կլիմայի փոփոխության դեմ պայքարի տարի: Ի դեպ, հաջորդ տարի դեկտեմբերին Փարիզը կհյուրընկալի Համաշխարհային կոնֆերանսը՝ նվիրված կլիմայի փոփոխության նվազեցմանը, որտեղ ընդունվելիք դրույթները կդառնան մեծ մարտահրավերներ աշխարհի խոշոր քաղաքների համար:
-Արդի մեգապոլիսների շարքում Փարիզը պատկանում է այն քաղաքներին, որտեղ համեմատաբար թեթևացնել է ճանապարհային երթևեկությունը: Ինչպիսի՞ քայլեր են իրականացվել դրա համար:
-Նախ մեզ մոտ մեծ տարածում է գտել հեծանիվների վարձույթի մշակույթը, այն անչափ շահավետ է, մատչելի, և կայանատեղիները սփռված են Փարիզում ու արվարձաններում: Մարդիկ աշխատանքի գնալուց կարող են հեշտությամբ իրենց մոտակայքում վարձել հեծանիվ և այնուհետ թողնել աշխատատեղի մետակայքում գտնվող մեկ այլ կայանում: Նույն կերպ, վճարելով բանկային քարտի օգնությամբ՝ մատչելի գնով կարելի է վարձել էլեկտրամոբիլ և հանձնել այլ վայրում: Այդպիսով, մենք թեթևացնում ենք քաղաքային մեքենաների հոսքը և դրանց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Այսօր Փարիզում շատերն են անցում կատարում նաև հիբրիդ մեքենաների:
-Փարիզի պատմական հատվածը հագեցած է հին շենքերով: Իսկ նոր շենքերի կառուցման առումով գործո՞ւմ են հատուկ օրենքներ:
-Քաղաքապետարանի կողմից ընդունված հատուկ կարգ է գործում Փարիզում, որը հստակ սահմանում է՝ ինչ տիպի շենքեր կարող են կառուցվել քաղաքի տվյալ հատվածում, ինչպիսի երեսային մաս դրանք նկարող են ունենալ և ինչպիսի ճաարտարապետական լուծումներ պետք է ունենան: Այդ կարգի պահպանումն անչափ կարևոր է Փարիզի համար:
Եվ նույնիսկ եթե դուք ցանկանում եք վերանորոգել կամ վերականգնել շենքը, դուք պարտավոր եք նախօրոք տեղեկացնել քաղաքապետարանին դրա մասին և աշխատանքների կատարման ընթացքում հաշվի առնել շենքի ճարտարապետական առանձնահատկությունները: Հին շենքի փոխարեն այլ բան թույլ չի տրվում, քան այն վերակառուցել:
-Փարիզի պատմությունը ծնունդ է առել դեռ հռոմեական ժամանակաշրջանից. հաշվի առնելով հնագիտական կողմը՝ ինչպիսի՞ կարգ է գործում քաղաքի տարածքում կատարվող շինարարությունների դեպքում:
-Քաղաքի որոշակի հատվածներում ցանկացած աշխատանք կատարելիս պարտադիր կերպով իրականացվում են հնագիտական պեղումներ: Օրինակ, Աստվածամոր տաճարի մոտակայքում պատրաստվում էին կառուցել ավտոկայանատեղի, սակայն այդ հատվածում գտնվեցին քաղաքի ամենահին հատվածի մասունքներ: Այդ նկատառումներով կառուցվելիք կայանատեղիի ձևի մեջ կատարվեցին որոշակի շտկումներ, այնպես, որ գտածոները տեսանելի լինեն: Արդյունքում գտածոների շնորհիվ կայանատեղին բացման առաջին իսկ օրվանից հայտնի դարձավ:
Հարցազրույցը՝ Անահիտ Մինասյանի: