«Օրենքի ուժով» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն առաջիկայում 3 լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) կհրատարակի «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դա­տա­կան ատյանին հայցով դիմելու հիմքերն ու հնարավորութ­յունները» գիտական հետազոտությունը։

 

Մասնագիտական խումբը նախապատրաստում է Հայոց ցեղասպանության գործով միջազգային դա­տա­կան ատյանին ներկայացվելիք թղթածրար, որը վեր է հանում դրա պատմա­իրավական հիմքերը և նախանշում ներկայացման հնարավորութ­յունները։ Հետազոտությունն իրականացվում է ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 

Այս մասին հոկտեմբերի 21-ին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ներկայացնելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն տրամադրած հարցազրույցը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանի հետ է, ով ներկայացնում է Հայոց ցեղասպանութ­յան գործով միջազգային դա­տա­­կան ատ­յանին հայցով դիմելու հիմքերն ու հնարավորութ­յուննե­րը։ Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

 

-Պարոն Մարուքյան, Դուք ուսումնասիրել եք մարդկության դեմ կատարված հանցագործությունների դատապարտ­ման միջազգային դատական պրակտիկան։ Ի՞նչ նախադեպեր կան։
 

-Մեր հետազոտության առաջին գլուխը նվիրված է հենց այդ հարցերին։ Մենք ուսումնասիրել ենք թե՜ ազգային, թե՜ միջազգային և թե՜ միջազգայնացված դատական ատյաններում քննված գործերը։ Պատմությանը հայտնի են բազմաթիվ նման դեպքեր՝ սկսած երիտթուրքերի դատավարությունից։ Ճիշտ է, այն ժամանակ «ցեղասպանություն» եզրույթի բացակայության պայմաններում հարցն ուղղակիորեն չէր վերաբերում այդ հանցագործությանը, բայց այնտեղ այլ ձևակերպումներ կային՝ հայերի զանգվածային կոտորածներին, ջարդերին վերաբերող։

 

Հանրահայտ փաստ է, որ երիտթուրքերի պարագլուխներին մահվան էին դատապարտում նաև այդ հանցագործությունների համար։ Ունենք նաև Սողոմոն Թեհլերյանի դատական գործը գերմանական դատարանում, երբ Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ փաշային սպանելու գործով նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Ինչ վերաբերում է ազգային դատարաններին, ապա Իսրայելի դատարանում գոյություն ունի Ադոլֆ Էյխմանի գործը։ Ադոլֆ Էյխմանը Հոլոքոստի պատասխանատուներից էր, ով կարողացել էր խուսափել Նյուրնբերգյան դատավարությունից, սակայն հետագայում հայտնաբերվեց Արգենտինայում և դատապարտվեց։

 

Միջազգային ռազմական տրիբունալն երից հիշարժան են Նյուրնբերգի և Տոկիոյի տրիբունալները, երբ նացիստ հանցագործները և ճապոնացի միլիտարիստները դատապարտվում էին ոչ միայն պատերազմական, այլև մարդկության դեմ գործած հանցագործությունների համար։ Թվարկվածները վերաբերում են ֆիզիկական անձանց դատապարտելու գործընթացին, որոնք իրականացրել էին ցեղասպանություն կամ մարդկության դեմ կատարված հանցագործություններ։ Այս իմաստով շատ կարևոր է հիշատակել նույն ՄԱԿ-ի միջազգային դատարանում Բոսնիա և Հերցեգովինան ընդդեմ Հարավսլավիայի դատական գործը, երբ Բոսնիա և Հերցեգովինան դատի տվեց ոչ թե ֆիզիկական անձանց, այլ պետությանը՝ Հարավսլավիային։

 

Միջազգային դատարանը Հարավսլավիային պատասխանատու ճանաչեց Սրեբրենիցայի ցեղասպանության համար։ Սա շատ կարևոր նախադեպային որոշում է միջազգային դատարանի կողմից, որը մեզ համար կարող է ուղենիշ լինել։ Եվ այս նախադեպը մենք պետք է օգտագործենք, որպեսզի մեկ այլ ցեղասպան պետության՝ Թուրքիայի պատասխանատվության կանչենք կատարած հանցանքի համար։ Բավականին մեծ նախադեպային բազա կա մեր գործունեության, դատարան հայց ներկայացնելու համար։ Եվ այդ փորձը անպայման պետք է հաշվի առնվի մեր կողմից։

 

-Միջազգային իրավական համակարգի համաձայն՝ պետությո՞ւնը պետք է հայց ներկայացնի։

-ՄԱԿ-ի միջազգային դատարան կարող է դիմել բացառապես միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող ինքնիշխանությամբ օժտված պետությունը։ Այսինքն՝ սփյուռքը, որ անմիջական տուժողն է, չունի իրավասություն դիմելու այդ միջազգային դատական ատյանին։ Դա պետք է անի հայկական պետությունը, որը և՜ ՄԱԿ-ի լիիրավ անդամ է, և՜ միացել է 1948թ. կոնվենցիային, և՜ օժտված է այդ իրավասությամբ։

 

Սակայն դա չի նշանակում, որ գործընթացից սփյուռքը և նրա կառույցները պետք է դուրս մղվեն։ Ընդհակառակը՝ առանց սփյուռքի գործուն աջակցության, կարծում եմ, մեր ջանքերը չեն կարող լուրջ հաջո ղություններ ունենալ, որովհետև այդ կառույցները տասնամյակների ընթացքում լոբբիստական աշխատանքում, այլ բնագավառներում ունեն կուտակած մեծ փորձ, կապեր, հնարավորություններ։ Նրանք կարող են խոշոր օգնություն ցուցաբերել այս իրավական գործընթացին։

 

-Գաղտնիք չէ, որ միջազգային իրավունքը երկակի ստանդարտներով հաճախ առաջնորդվող իրավունքի ճյուղ է։

-Կարծում եմ՝ այդ թղթածրարը կամ հայցադիմումը մենք պետք է պատրաստ ձեռքի տակ ունենանք։ Ժամանակակից աշխարհում իրադարձությունները կայծակնային արագությամբ են փոխվում, և վաղը-մյուս օրը գուցե աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակ ստեղծվի, որը շատ նպաստավոր լինի նման հայց ներկայացնելու համար։

 

Շատ տխուր վիճակում կհայտնվենք, եթե պահը հասունանալուն պես պատրաստ չունենանք այդ հայցադիմումը միջազգային դատարան ներկայացնելու համար։ Ես կարծում եմ, որ մենք ոչ թե պետք է սպասենք այդ պահը հասունանալուն, այլ պետք է նպաստենք հասունացնելուն, ամեն ինչ անենք պ ահը մոտեցնելու համար։

 

Քաղաքական գործընթացով պետք է նախապատրաստվի այդ իրավական խնդրի հասունացումը, և դրան զուգահեռ պետք է աշխատանքներ տարվեն, որպեսզի միջազգային դատարանի վրա ինչ-ինչ ազդեցությունների հետևանքով դատական գործը չգնա Թուրքիայի համար բարենպաստ ուղով։ Մենք պետք է ապահովագրենք, որպեսզի դատարանը լինի անաչառ, օբյեկտիվ և վճիռ կայացնելիս չընկնի որևէ պետության ազդեցության տակ։