Էբոլա տենդի կասկածով Ստամբուլում հոսպիտալացվել է հաջից (ուխտագնացությունից) վերադարձած Թուրքիայի քաղաքացի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

Այսպիսով, Թուրքիայում Էբոլա տենդի կասկածով հոսպիտալացվածների թիվը հասել է 6 մարդու: Նրանցից հինգը վերադարձել են հաջից, վեցերորդը թուրք ուսանող է, որն ուսանում է Սոմալիում:

 

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի 36 նահանգներում 45 հատուկ հիվանդանոցներ են առանձնացվել երկրում Էբոլա տենդով հիվանդների ի հայտ գալու դեպքերի համար:

 

Էբոլայի տենդը սրընթացորեն տարածվում է Արեւմտյան Աֆրիկայում' Լիբերիայում, Սյերա-Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյում եւ Սենեգալում: Վարակման դեպքեր են գրանցվել արդեն ԱՄՆ-ում, Իսպանիայում, Նորվեգիայում, Ավստրալիայում եւ այլ երկրներում: Վերջին տվյալներով' Էբոլայի տենդով հիվանդացել են 8914 մարդ, որոնցից 4447-ը մահացել են: