Լիբերիայում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության (ԼՄԱԿԱ) աշխատակիցը վարակվել Է մահացու վիրուսով: Ինչպես հաղորդել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, վկայակոչելով ԼՄԱԿԱ-ի ղեկավար Կարին Լանդգրենի հայտարարությունը, խաղաղապահի վարակվելու մասին հայտնի Է դարձել դեկտեմբերի 4-ին: Ներկայում նա բուժընթաց է անցնում Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայում:
Լանդգրենի խոսքով՝ 16 մարդ, որոնք շփվել են վարակվածի հետ, կարանտինի տակ են: Այն վայրերը, ուր այցելել է հիվանդ խաղաղապահը, ախտահանվել են:
Նշվում Է, որ սա ԼՄԱԿԱ-ի աշխատակիցների՝ Էբոլայով վարակվելու երրորդ դեպքն Է: Նախորդ երկու դեպքում հիվանդները մահացել են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ դեկտեմբերի 3-ին հրապարակված հաշվետվության մեջ ասված է, որ Էբոլա տենդի զոհերի թվաքանակը, որը 2014 թվականի փետրվարին բռնկել է Արեւմտյան Աֆրիկայում, գերազանցել է վեց հազարը:
Առավել մեծ թվով վարակվածներ ու մահացածներ են գրանցվել Լիբերիայում՝ համապատասխանաբար 7 հազար 635 եւ 3 հազար 145: Սիեռա Լեոնեում վարակված է 7 հազար 312 մարդ, մահացել են 1583-ը: Գվինեայում վիրուսի զոհ է դարձել 1327 բնակիչ, վարակվել են 2 հազար 164-ը:
Ընդամենը Էբոլա տենդով հիվանդացել է 17 հազար 145 մարդ, մահացել են 6 հազար 70-ը: Հոսպիտալացված հիվանդների շրջանում մահացությունը կազմում է 60 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: