Լիբերիայում բուժքույրերը եւ բուժանձնակազմի այլ անդամներ համազգային գործադուլ են անցկացնում Էբոլա տենդի շարունակվող համաճարակի պայմաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Առողջապահության ոլորտի աշխատողների ազգային ասոցիացիան պահանջում Է ռիսկի դիմաց այն անձանց փոխհատուցման բարձրացում, ովքեր բուժում են Էբոլայով հիվանդներին: Բուժաշխատողները նաեւ պահանջում են իրենց տրամադրել ավելի շատ պաշտպանական համազգեստներ եւ ավելացնել ապահովագրական վճարը:

 

Լիբերիայում Էբոլա մահացու վտանգավոր վիրուսից արդեն զոհվել են առողջապահության ոլորտի 95 աշխատողներ:

 

Լիբերիայի կառավարությունում հայտարարել են, որ համաճարակի աննախադեպ չափերի պատճառով չեն կարողանում ռիսկի դիմաց հավելավճար հատկացնել նույնիսկ այն չափով, որից դժգոհ են գործադուլի մասնակիցները:

 

Լիբերիայի առողջապահության փոխնախարար Տոլբերտ Նիենսվահը BBC-ին հայտարարել Է, որ գործադուլը բացասաբար կազդի Էբոլայով հիվանդների վրա եւ կարող Է արգելակել առաջընթացը հիվանդության դեմ մղվող պայքարում: