ԱՄՆ-ը երեք շարժական լաբորատորիա է ծավալել Լիբերիայում, որոնց մասնագետները կզբաղվեն Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությամբ վարակվելու դեպքերի բացահայտմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պենտագոնում լրագրողների համար կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի աֆրիկյան հրամանատարության ղեկավար գեներալ Դեւիդ Ռոդրիգեսը:

 

Նա նշել է, որ առկա է եւս մեկ նման լաբորատորիա ստեղծելու անհրաժեշտությունը:

 

«Արեւմտյան Աֆրիկայում աշխատող ամերիկացի մասնագետները բախվել են այն բանին, որ Էբոլա վիրուսով վարակվելու դեպքում մարդու մոտ ի հայտ են գալիս այնպիսի ախտանշաններ, որոնք նման են մալարիայի դեպքում դրսեւորվող ախտանիշներին,- ասել է Ռոդրիգեսը:- Ուստի կարեւոր է, որ յուրաքանչյուր դեպք մանրամասն ուսումնասիրվի»,

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր վարչակազմի անդամների հետ անցկացված հանդիպման ընթացքում քննարկել Է Էբոլա տենդի համաճարակի հետ կապված իրադրությունը, մասնավորապես, արծարծվել է երկրի տարածքում դրա տարածման դեմ պայքարի հարցը: Խորհրդակցությանը, մասնավորապես, ներկա են եղել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, պաշտպանության նախարար Չաք Հեյգելը, ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Մարտին Դեմփսին, առողջապահության նախարար Սիլվիա Մեթյուզ Բերվելը եւ բարձրաստիճան այլ անձինք: Տեսակապի ռեժիմով խոսակցությանը մասնակցել է նաեւ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:

 

Հանդիպման մասնակիցները պետության ղեկավարին հավաստիացրել են, որ ԱՄՆ-ի առողջապահության համակարգը պատրաստ է կանխել հիվանդության հնարավոր բռնկումը: Բացի այդ, նրանք նաեւ քննարկել են օդանավակայաններում բժշկական հսկողության ուժեղացման հարցը: Արդյունքում նախագահը հավաստել է, որ այդ համաճարակը գլխավոր գերակայությունն է ազգային անվտանգության ոլորտում, եւ «մենք կշարունակենք անել ամեն ինչ, որպեսզի պայքարենք դրա դեմ»:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ Էբոլա վիրուսի համաճարակի զոհերի թիվը, որը ներկայում շարունակվում է Արեւմտյան Աֆրիկայի երկրներում, գերազանցել է 3,5 հազարը, վարակված է ավելի քան 7,5 հազար մարդ: Վիրուսից մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում երեք պետությունների՝ Լիբերիային, Սիեռա Լեոնեին եւ Գվինեային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: