Գվինեայի բնակչությունը վտանգավոր վիրուսով վարակման առաջին դեպքից մեկ տարի անց շարունակում է թաքցնել Էբոլա տենդով հիվանդանալու բազմաթիվ դեպքեր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես BBC-ին պատմել է Գվինեայում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության առաքելության ղեկավար Ժերոմ Մուտոնը, գվինեացիներից շատերն առաջվա պես իշխանություններից թաքցնում են իրենց հիվանդացած հարազատներին, ինչը մեծացնում է տենդի տարածման ռիսկերը:

 

Էբոլա համաճարակի առաջին զոհը դարձել է երկամյա մի երեխա, որը Գվինեայում մահացել է ուղիղ մեկ տարի առաջ:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը հասել է 7 հազար 565-ի, վարակված է 19 հազար 431 մարդ: ԱՀԿ-ի վիճակագրական նյութերում նշված հիվանդանալու բոլոր դեպքերը վերաբերում են երեք երկրի՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին:

 

Իրադրությունն առավել ծանր է Լիբերիայում, որտեղ մահացել է 3 հազար 376 մարդ, հիվանդացել՝ 7 հազար 830-ը:

 

Ներկայում աշխարհի մի շարք երկրներում մարդկանց վրա փորձարկվում են Էբոլայի դեմ առավել հեռանկարային պատվաստանյութերը, սակայն դրանցից ոչ մեկն առայժմ չի ապացուցել իր արդյունավետությունը: