Ադրբեջանը շարունակում է հանրությունից թաքցնել բանակում ունեցած կորուստները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական բանակում ինքնասպանության երկու դեպք և մեկ զոհ է գրանցվել, ինչի մասին այդ երկրի պաշտպանության նախարարությունը խուսափել է հայտնել:
Azadlig.onfo-ն հունիսի 16-ի երեկոյան հայտնել է Ադրբեջանի ՊՆ Թովուզում և Գեդաբեկում տեղակայված զորամասերում զինվորների ինքնասպանության երկու դեպք տեղի ունենալու մասին:
Կայքին հասած տեղեկություններով' Թովուզի Գարալար գյուղում տեղակայված ստորաբաժանումում ինքնասպանություն է գործել 19-ամյա զինվոր Էլնուր Էլչին օղլու Թափդըգովը: Նրա ինքնասպանության գործելու հանգամանքների մասին ոչինչ չի հաղորդվում: Որպես ինքնասպանության պատճառ նշվում է, որ զինվորին նեղացրել են նրա հրամանատարները: Նշվում է, որ Աղդաշից զորակոչված Թափդըգովն արձակուրդից նոր էր վերադարձել զորամաս:
Գեդաբեկից կայքի ստացած տեղեկության համաձայն՝ ևս մեկ զինվոր ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով: Որպես ինքնասպանության պատճառ նշվում է, որ զինվորը ենթարկվել է ծանր ֆիզիկական բռնության: Կայքին չի հաջողվել պարզել ինքնասպանության գործած զինվորի անուն-ազգանունը:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն օրերս հայտնել էին առաջնագծում 18-ամյա զինվոր Էլվին Էթիբար օղլու Դերվիշևի զոհվելու մասին: Վերջինս զինծառայության էր կանչվել Բելքանի շրջանից: Նրա դին զինվորական պատիվներով հողին է հանձնվել հայրենի Քաթեխ գյուղում: Բոլոր երեք կորստի մասին Ադրբեջանի ՊՆ-ն չի հայտնել:
Թեև Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 75 զինծառայող և 31-ից ավելի վիրավոր: