Սեփական կորուստները հասարակությունից թաքցնելու ձախողված քաղաքականությունից հետո Ադրբեջանը սկսել է խոստովանել բանակում իր կորուստները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, որ ճակատային գոտում զոհվել է Ադրբեջանի ԶՈւ զինվոր Անար Մամեդ օղլու Աթաեւը' չնշելով, թե հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի կոնկրետ ո՞ր հատվածում է տեղի ունեցել միջադեպը:
Մարտի 11-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են ադրբեջանական բանակում մարտի 7-ին տեղի ունեցած մահվան ելքով միջադեպի մասին, որի արդյունքում սպանվել է 24-ամյա զինծառայող Անար Գյունաշ օղլու Բայրամովը: Ուշագրավ է, որ Ա. Բայրամովի սպանության մասին մարտի 7-ին հայտնել էր ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV հեռուստաալիքի կայքը' նշելով, որ Մռավում տեղակայված զորամասերից մեկում նրա սպանությունը կատարել է կրտսեր սերժանտ Թուրալ Գյուլմիրզա օղլու Բեյվերդիեւը: Սումգայիթից զորակոչված Ա. Բայրամովը մարտի 8-ին հուղարկավորվել էր Իսմայիլլիի շրջանի հայրական Ենիյոլ գյուղում:
Ադրբեջանի ՊՆ-ն 5 օր հասարակությունից թաքցրել է զինծառայող Ա. Բայրամովի սպանության փաստը, մինչ այդ մասին չի հայտնել azvizion.az լրատվական կայքը, որ նշել էր, թե Գյանջայի ռազմական դատարանն այդ միջադեպի հետ կապված քրեական գործ է հարուցել:
2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 10 զինծառայողների մահը («Խազար» ինստիտուտի տվյալներով' 12 զոհ): Պաշտոնական տվյալներով' նրանցից 7-ը սպանվել են մարտական պայմաններում:
Թեւ Ադրբեջանը երկար ժամանակ շարունակում էր սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 44 զինծառայող եւ 27-ից ավելի վիրավոր: