Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն սկսել է խոստովանել վերջին օրերին սեփական բանակի դիվերսիոն սադրիչ գործողությունների արդյունքում կրած կորուստները, սակայն, ավանդաբար կեղծելով իրականությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, qafqazinfo.az լրատվական կայքը՝ հղում կատարելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնել է, որ Ադրբեջանի բանակը հերթական կորուստն է կրել: Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկի վրա «անզգուշաբար արձակված» գնդակից զոհվել է պայմանագրային զինծառայող, զինվոր Նիզամի Շամիլ օղլու Բաբաշովը:
26-ամյա Ն.Բաբաշովը Ֆիզուլիի շրջանի Արազ-Զարգար գյուղի բնակիչ է: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ հատուկ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել «ոչ մարտական պայմաններում»:
Ադրբեջանն առաջնագծում զինադադարը խախտելու կամ զինված ուժերի կողմից իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները, որպես կանոն, միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:
Փաստացի, սակայն, Ադրբեջանի զինված ուժերում վերջին օրերին կորուստը շատ ավելի մեծ է, քանի որ այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի 2014 թվականի սեպտեմբերի 24-ի հրամանով մշակվեց տեղեկատվական անվտանգության նոր հայեցակարգ, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը չի հրապարակում մահվան ելքելով տեղեկությունները՝ փորձելով կոծկել դրանք, իսկ պաշտոնական հաղորդագրությունները բանակում և ուժային կառույցներում զոհերի և վիրավորների վերաբերյալ բացառվեցին:
Ադրբեջանն իր ոչ մարտական կորուստներն արդարացնելու, ճակատում իրավիճակը լարելու և մեղքը հայկական կողմի վրա բարդելու նպատակով, ԶԼՄ-ներով միևնույն ժամանակ ապատեղեկատվություն է տարածում հայկական զինված ուժերի, իբր, կորուստներ տալով հետ քաշվելու մասին:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել էր, որ նախաձեռնած արկածախնդրության հետևանքով Ադրբեջանի ԶՈւ-ն լուրջ կորուստներ ունի: Նրա խոսքով՝ հունվարի 23-ին միայն ցերեկային ժամերին Քարվաճառի հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 զինծառայող, դիպուկահար խմբի հրամանատարն էլ զոհվել է Արցախի հարավում՝ հայուհու դիպուկ գնդակից:
Հայ-ադրբեջանական սահմանին շուրջ մեկ ամիս է՝ լարված իրավիճակ է: Ադրբեջանական զինուժը տարբեր ուղղություններով դիվերսիաներ է իրականացնում: Շատացել են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը: