Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ Սիրիայի Աֆրին շրջանում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում թուրքական կողմը չեզոքացրել է Քրդական բանվորական կուսակցության (PKK), «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD), ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորման 260 անդամի: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Գլխավոր շտաբից հայտնել են նաև, որ գործողության շրջանակում թուրքական զինուժը երեք կորուստ է գրանցել:
«Ձիթենու ճյուղ» գործողության մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է հեռախոսազրույցներ ունենալ տարբեր երկրների ղեկավարների հետ: Նա խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ակնկալվում է, որ առաջիկայում տեղի կունենա հեռախոսազրույց Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիան սահմանը: Գործողություններին մասնակցում են զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտնել 3 ուղղությամբ: