Նախօրեին թուրքական օդուժը Սիրիայի հյուսիսարեւմտյան հատվածում թիրախ է դարձրել Աֆրին քաղաքում եւ արվարձաններում գտնվող քրդական դիրքերն ու օբյեկտները։
Ինչպես նշել ենք, Անկարան դեռեւս 2017թ. նոյեմբերին էր պատրաստվում ներխուժել Սիրիայի հյուսիս եւ, առաջին հերթին, Աֆրին, որը 2012-ից ի վեր գտնվում է Քրդական ժողովրդի պաշտպան միավորներ ուժերի վերահսկողության տակ։ Հարձակմանը մասնակցել է թուրքական օդուժի 72 կործանիչ, ըստ թուրքական կողմի՝ իրականացնելով 100 հարձակում, նախանշված 113 օբյեկտներից 108-ը ոչնչացվել է։ Գործողությունների նպատակը, որոնք Անկարան անվանել է «Ձիթենու ճյուղ», իր երկրի հարավային սահմանները «ահաբեկիչներից մաքրազարդելն է» հայտարարել։ Ի դեպ, թուրքական ցամաքային ուժերին միացել են նաեւ այդ երկրի բազմակողմանի աջակցությունն ու հովանավորությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման ուժերը։ Քրդական կողմը հայտարարել է, որ ռմբակոծությունների հետեւանքով 10 մարդ է զոհվել, ընդ որում՝ 7 խաղաղ բնակիչ։ Միաժամանակ շեշտել է, որ Թուրքիայի ագրեսիայից պաշտպանելու են իրենց գյուղերն ու քաղաքները։ Պաշտոնական Դամասկոսը, խստիվ դատապարտելով Թուրքիայի ռազմական ոտնձգությունները, սպառնացել է, որ այդ երկրի սահմանները հատող ռազմական ինքնաթիռները թիրախ կդարձնի եւ թուրքական ուժերին կվերաբերվի որպես ագրեսորի։ Իրանը եւս դատապարտելով Թուրքիայի ռազմական գործողությունները, պահանջել է անհապաղ դադարեցնել՝ շեշտելով, որ դրանք հղի են ծայրահեղականների ակտիվացմամբ եւ իրավիճակի վատթարացմամբ։
Ինչպես հայտնի է, «Ձիթենու ճյուղ» գործողությունների համար պատրվակ է հանդիսացել ԱՄՆ-ի գլխավորած հակադաիշական կոալիցիայի կողմից Սիրիայի հյուսիսում 30 հազարանոց սահմանապահ գվարդիա ստեղծելու հայտարարությունը, որի 50 տոկոսը կազմելու են քրդերը։ Այս առնչությամբ բացասական դիրքորոշում էր հայտնել Սիրիան՝ այն համարելով իր երկրի ամբողջականության դեմ ուղղված խայտառակ հարձակում եւ միջազգային օրենքների խախտում։ Իրանի ԱԳ նախարարությունը եւ նախագահ Հասան Ռուհանին եւս հանդես եկան քննադատող հայտարարությամբ։ Ռուսաստանը մտահոգություն հայտնեց, որ դա կարող է հանգեցնել Սիրիայի հյուսիսի մի զգալի հատվածի մասնատմանը։
Սակայն, ինչպես սպասելի էր, առավել բուռն էր Թուրքիայի հակազդեցությունը. Անկարան սահմանապահ ուժերի ձեւավորումը անվանեց ահաբեկչության բանակի ստեղծում եւ հայտարարեց, թե նման բան թույլ չի տա եւ կհարձակվի Աֆրինի վրա։ Ստեղծված իրավիճակում Անկարայի սպառնալիքները փորձագետները «կրակի հետ խաղալ» գնահատելով, հիմնականում շեշտում են, որ, առանց ԱՄՆ-ի համաձայնության կամ լռության, Թուրքիան նման քայլի չէր դիմի։
Մյուս կողմից՝ փորձագետներից ոմանք նշում են, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի եւ գաղտնի ծառայությունների պետերը Ռուսաստան կատարած այցի ընթացքում բանակցել են այդ հարցի շուրջ՝ ընդգծելով, որ ստացել են Մոսկվայի համաձայնությունը։ Այսուհանդերձ, Ռուսաստանը Թուրքիայից պահանջել է վերջ դենել Սիրիայում ռազմական գործողություններին։ Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարն ու Ռուսաստանի ԱԳ նախարարը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերն այս առնչությամբ հեռախոսազրույց են ունեցել։
Անդրադառնալով «Ձիթենու ճյուղ» գործողությունների միջազգային արձագանքներին, նշենք, որ եթե Իրանը միակ երկիրն է, որ դատապարտել է դրանք, ապա Ադրբեջանը միակն է, որ աջակցություն է հայտնել ինքնիշխան երկիր ներխուժելու համար։ Բաքուն նաեւ մաղթել է, որ այսուհետ Թուրքիայի բնակչությունը դավաճանական ահաբեկչության զոհ չդառնա։ Իսկ տարբեր երկրներից առավելապես հնչել են մտահոգություններ։
Գերմանիայի ԱԳ նախարարությունը, մտահոգություն հայտնելով Թուրքիայի ռազմական գործողությունների առնչությամբ, կողմերին զսպվածության կոչ է արել։ Միաժամանակ նշել է, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները պետք է ուղղված լինեն այն ուժերի դեմ, որոնք ընդգրկված են ՄԱԿ-ի ահաբեկչական խմբերի ցանկում։ Իսկ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է Թուրքիայի հարձակումից հետո Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով արտահերթ նիստ գումարել։
Թուրքիան, փաստորեն, Սիրիայի հյուսիսում իր ռազմական գործողությունների նոր ճակատ բացելով, միաժամանակ հայտարարել է, որ այն երկրները, որոնք դեմ են «Ձիթենու ճյուղի» գործողություններին, ահաբեկչության հովանավոր են։ Էրդողանը, Սիրիա ներխուժելը անվանելով «ազգային պայքար», նախազգուշացնել է այդ երկրի խորհրդարանում երկրորդ ընդդիմադիր խմբակցությանը՝ քրդամետ Ժողովուրդների ժողովրդավար կուսակցությանը, նշելով, որ եթե երկրի ներսում որեւէ մեկը դեմ հանդես գա «Ձիթենու ճյուղ» գործողությանը, կոչնչացվի։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Մանրամասները՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում