Չնայած Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի հրամանագրով այդ երկրում կասեցվել է սեփական զինուժին վերաբերող ցանկացած բացասական, առավել եւս' շփման գծում ձախողումներին վերաբերող տեղեկատվության հրապարակում, այդուհանդերձ, այդ երկրի մամուլ նոր տեղեկություններ են թափանցել վերջին օրերին ադրբեջանական բանակի կրած կորուստների մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի կայքը հայտնել է, որ Ադրբեջանի բանակի 3 զինվոր զոհվել եւ 2-ը վիրավորվել են Գեդաբեկի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում' իբրեւ թե «հակառակորդի իրագործած գործողության» արդյունքում:
Meydan TV-ին հայտնում է, որ Facebook-ի իր էջում այսպիսի գրառում է կատարել Գերմանիայում բնակվող բլոգեր Հաբիբ Մունթազիրը: Նա նշել է նաեւ զոհված զինծառայողների անունները' Զաքաթալայի շրջանից Էլշան Էֆենդիեւ, Դեւեչիի շրջանից ենթասպա Սանան Իսաեւ եւ Հաջիգաբուլի շրջանից զինվոր Վյուգար Գասըմով. նրանք զոհվել են հունվարի 24-ին: Վիրավորվել են կապիտան Իլգար Ասադովը եւ ենթասպա Անար Ալիեւը, որոնք տեղափոխվել են զինվորական հոսպիտալ: Հ.Մունթազիրը նշել է, որ զոհվածները հողին են հանձնվել հունվարի 25-ին:
Հ. Մունթազիրն իր բլոգում գրառել է. «Հուղարկավորության մասնակիցներին խստորեն հանձնարարվել է բջջայինով եւ այլ միջոցներով լուսանկարներ չանել: Պաշտպանության նախարարությունը հասարակությունից թաքցնում է բոլոր այս լուրերը: Ճակատային գոտում արդեն մի քանի օր է' իրադրությունը շատ վատ է»:
Meydan TV հեռուստաալիքը փորձել է այդ առնչությամբ պարզաբանումներ ստանալ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Դերգահլըից, սակայն, վերջինս չի պատասխանել հեռուստաալիքի հեռախոսազանգերին:
Զոհված ենթասպա Սանան Իսաեւի քրոջ ամուսինը' Սադիգ Ալիեւը հեռուստաալիքի հետ զրույցում հաստատել է փաստը: Նա հայտնել է, որ 33-ամյա Սանան Իսաեւի զոհվելու մասին տեղեկացել են հունվարի 24-ին, որին հունվարի 25-ին հուղարկավորել են Դեւեչիի շրջանի Աղդաշ գյուղում:
Facebook-ի իր էջում «Զաքաթալա Ազերբայջան» էջը տեղադրել է զոհված Էլշան Էֆենդիեւի լուսանկարը եւ արել հետեւյալ գրառումը. «Զաքաթալայի շրջանի Յուխարը Չարդախլար գյուղի բնակիչ Էֆենդիեւ Էլշան Էլչին օղլուն զոհվել է զինծառայությունը կատարելու ժամանակ: Նա կրում էր հայրենիքի համար զոհված իր քեռու' Էլշանի անունը»:
Անունը հրապարակել չցանկացած մի աղբյուր Meydan TV-ին տեղեկացրել է հունվարի 23-ին Նիզամի Շամիլ օղլու Բաբաշովի զոհվելու մասին:
Հունվարի 23-ին ադրբեջանական Qafqazinfo լրատվական կայքը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնել էր, որ պայմանագրային 26-ամյա զինծառայող Ֆիզուլիի շրջանի Արազ-Զարգար գյուղի բնակիչ Նիզամի Շամիլ օղլու Բաբաշովը զոհվել է ինքնաձիգից «անզգուշաբար կրակ բացվելու» հետեւաքով:
ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ իր տրամադրության տակ եղած միջոցների կիրառմամբ պարզվել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում նախահարձակ հակառակորդը' ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել է առնվազը 15 զոհ եւ 20-ից ավելի վիրավոր, կորցրել է մեկ հրամանատարական եւ մեկ զինվորներ տեղափոխող «Սադկո» տիպի մարդատար ավտոմեքենա:
Այսպիսով' 2015 թվականի առաջին օրերից մինչ այժմ ՀՀ եւ ԼՂՀ սահմանների վրա ադրբեջանական բանակի իրագործած դիվերսիոն գործողությունների արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը նվազագույնը 28 զինծառայող են կորցրել եւ տվել առնվազը 27 վիրավոր: