Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակի սրացումը ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «սառեցված» չէ, ինչպես այն բնութագրում են միջազգային հարթակներում: Հրադադարից քսան տարի անց ԵԱՀԿ Մինսկի խմբին չի հաջողվել հիմնավոր խաղաղ լուծում գտնել հակամարտությանը, իսկ ժամանակավոր խաղաղությունը, թեև' փխրուն, հակամարտող կողմերին թույլ է տվել շարունակաբար հետաձգել հիմնախնդրին ավելի հիմնավոր, տևական և խաղաղ լուծում տալը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան' նման տեսակետ հայտնեց կանադացի քաղաքական գործիչ, խորհրդարանի նախկին պատգամավոր Ջիմ Կարիգիանիսը, ով 2012 թվականին որպես միջազգային դիտորդ մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին:

 

«Վերջին իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում ցույց տվեցին, որ այն շարունակում է թեժ գոտի մնալ, ուր հակամարտությունը կարող է բռնկվել ցանկացած պահի' նորից քաոսի վերածելով տեղի բնակիչների կյանքը և խաթարելով տարածաշրջանի անվտանգությունը: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը կոչ անի երկու կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանին և լուծում գտնել: Միջազգային հանրությունը պետք է նաև պատասխանատվության կանչի ադրբեջանական կողմին խաղաղության բանակցությունները խաթարելու համար»,- նշում է քաղաքական գործիչը:

 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված ընտրություններից ստացած իր տպավորություններին' Կարիգիանիսը դրանք բնութագրեց որպես կատարյալ, ընդգծելով, որ բացարձակապես ոչ մի դժվարություն չի առաջացել ընտրությունների ընթացքում: