Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ֆաթուլլահ Գյուլենի (ներկայում ԱՄՆ-ում բնակվող իսլամական հասարակական գործիչ) շարժման կողմնակիցները թափանցել են Թուրքիայի բոլոր պետական կառույցներ, և չի բացառվում, այդ թվում' նաև զինված ուժեր:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրդողանը հայտարարել է թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

 

Էրդողանն ամեն առիթ օգտագործում է հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին քարոզչություն կատարելու համար, ինչում ամեն կերպ ջանում է «ցեխ շպրտել» իր վարած քաղաքականությանն ընդդիմացող հասարակական-քաղաքական կազմակերպությունների և անձանց դեմ:

 

 

73-ամյա Ֆաթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը և Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:

 

 

ԱՄՆ-ում վտարանդիության մեջ բնակվող «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: