Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիում նոյեմբերի առաջին շաբաթվանից կսկսի գործել Էբոլայով վարակված հիվանդների բուժման համար նախատեսված հատուկ բուժհաստատություն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին: «Նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո, բուժհաստատությունում կսկսեն աշխատել ԱՄՆ-ի առողջապահության նախարարության մասնագետները», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, հայտարարել է Կիրբին: Բացի այդ, ավարտին են մոտենում Մոնրովիից 60 կմ հեռավորության վրա գտնվող Տումբանբուրգ քաղաքի հատուկ հիվանդանոցի ստեղծման աշխատանքները: Մինչև տարվա վերջ նախատեսվում է գործարկել նման երեք բուժհաստատություն:

 

Պենտագոնի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ «Միացյալ օգնություն» գործողության ղեկավարումը ստանձնել է գեներալ-մայոր Գերի Վոլեսկին: Աֆրիկյան այդ շրջանում տեղակայված են 700 ամերիկացի զինծառայողներ, որոնցից 600-ը Լիբերիայում են, 100-ը' Սենեգալում: Մոտակա ծաբաթվա ընթացքում ամերիկացիների զինծառայողների թիվը հնարավոր է հասնի 3900-ի:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Էբոլայի զոհերի թիվն աֆրիկյան երկրներում գերազանցում է 4,9 հազարը: