ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծանրաբեռնվածությունը տարեցտարի ավելանում է: 2014 թվականին բյուրոյի փաստաթղթշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ հինգ տոկոսով' կազմելով 25048 տեղեկատվական միավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը' ներկայացնելով 2014 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում բյուրոյի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

 

«Հայատանը համագործակցում է Ինտերպոլի անդամ գրեթե բոլոր 190 երկրների հետ, այդ թվում' Թուրքիայի: Առավել ակտիվ համագործակցում ենք 89 երկրի հետ, որոնցից են Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Շվեդիան: Հատկանշանական է, որ, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, Ինտերպոլի խողովակներով մենք բավական ակտիվ և արդյունավետ համագործակցում ենք Թուրքիայի ԱԿԲ-ի հետ»,- ասաց Ֆիդանյանը:

 

2014 թվականի հաշվետու ժամանակահատվածում փաստաթղթերի շրջանառությունը Հայաստանի և Թուրքիայի ԱԿԲ-ների միջև կազմել է 198 տեղեկատվական միավոր, որն ավելին է, քանի հարևան Վրաստանի (179 տեղեկատվական միավոր) և Իրանի (131 տեղեկատվական միավոր) հետ փաստաթղթաշրջանառությունը:

 

Նրա խոսքով' համապատասխան միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել կանխել առևանգված ավտոտրանսպորտային միջոցների մասշտաբային ներմուծումը ՀՀ: Օպերատիվ տեղեկատվական ստուգումների շնորհիվ Հայաստանում հայտնաբերվել է այլ երկրներում հափշտակված 9 ավտոմեքենա, այնինչ, 2003-2014 թվականներին մեր երկրում հայտնաբերվել էր հետախուզման մեջ գտնվող 139 ավտոտրանսպորտային միջոց:

 

Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը հայտնեց նաև, որ ներկայումս Ինտերպոլի խողովակներով միջազգային հետախուզում է հայտարարված ՀՀ տարածքում հափշտակված 47 մշակութային առարկաների նկատմամբ: