Ներկայումս ամբողջ աշխարհում զարգանում է տարածաշրջանային զբոսաշրջության գաղափարը, և Հայաստանը նույնպես այս համատեքստում պետք է կարողանա մրցունակ լինել։ Այս մասին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Կարս նահանգի տարածքում (Արևմտյան Հայաստան) հոկտեմբերի 17-25-ը անցկացված երրորդ հայ-ռուսական գիտազբոսաշրջային արշավին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը:

 

Նաղդալյանը կարևորել է այն փաստը, որ գիտարշավը ոչ միայն զբոսաշրջության զարգացմանն է միտված, այլև նման միջոցառումների շնորհիվ երիտասարդներն ավելի լավ են տեղեկանում մեր երկրին, մեր պատմությանը։ Նա նաև ընդգծել է, որ տարեցտարի գիտարշավի միջոցով փորձում են ընդլայնել աշխարհագրությունը, պատմական ընկալումը, մասնակիցների շրջանակը։ «Կարևոր է, որ ՀՀԿ երիտասարդական թևը նույնպես ակտիվորեն մասնակցում է արշավին։ Եվ ես կոչ կանեմ, որ մյուս տարի նրան ց միանան այլ երիտասարդական կառույցների, քաղաքական կազմակերպությունների երիտասարդներ»,- նշել է Հերմինե Նաղդալյանը։

 

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն իր խոսքում ընդգծել է, որ նման միջոցառումների շնորհիվ միջազգային տուրիստական շուկայում Հայաստանի ճանաչելիությունը մեծանում է, իսկ այս հնագույն և պատմական հուշարձաններով հարուստ երկիր այցելել ցանկացողների թիվը՝ աճում։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական գիտազբոսաշրջային արշավը կնպաստի ՀՀ տուրիստական ինդուստրիայի զարգացմանը:

 

Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը տեղեկացրել է, որ արդեն հաջորդ՝ չորրորդ գիտարշավի շրջանակներում Մոսկվայում ՌԴ տուրօպերատորների համար ներկայացնելու են Հայաստանն ու Կարսը: Այդ ներկայացումներին մասնակցելու են նաև թուրք մասնագետները։ Նա նշել է, որ իրենց նպատակը նոր զբոսաշրջային պրոդուկտ ստեղծելն է, որն ավելի շատ զբոսաշրջիկների կուղղորդի դեպի Հայաստան:

 

Հայ-ռուսական գիտազբոսաշրջային երրորդ արշավը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության, Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի և Տուրիզմի հայկական ինստիտուտի մասնաճյուղի կողմից: