ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օրերս Արուճ համայնքի բնակիչ Մայիս Գեղամյանը ցուցակագրվել էր Պաշտպանության նախարարությունում քաղաքացիների հետ ամենամսյա հանդիպումների շրջանակներում նախարար Սեյրան Օհանյանի հետ տեսակցելու խնդրանքով:
Ծառայության ընթացքում ի հայտ եկած առողջական խնդիրների պատճառով ժամկետային զինծառայությունից վաղաժամ ազատված, իսկ ներկայումս քիմիոթերապիայի կուրսեր անցնող Մայիսի խնդրանքն էր բուժման համար անհրաժեշտ օգնության տրամադրումը: ՊՆ համապատասխան մասնագետները արդեն բազմիցս հանդիպել էին նրան և մասնագիտական ուղղորդում տվել բուժման համար: Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, որին անդրադարձել էր նաև Հետք կայքը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 26-ին անձամբ այցելեց Մայիսին և ծանոթացավ նրա բուժման հետ կապված խնդիրներին:
Մայիս Գեղամյանի և նրա հարազատների հետ Արուճ համանքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը ընդգծեց, որ հանդիսանալով պաշտպանական գերատեսչության ղեկավարն ու պատասխանատուն նա չէր կարող չարձագանքել Մայիսի նամակին և օր իսկ հետաձգել հանդիպումը: Դա է պատճառը, որ ռազմական բժիշկներից, տեղեկանալով զինծառայության ընթացքում ծնկի վնասվածքին հաջորդած բարդացումների, դրանց հաջորդած ոտքի ամպուտացիայի և չարորակ ուռուցքի /օտրեոգեն սարկոմա/ ախտորոշման մասին, նախարարը հեռաձայնել էր Մայիսի հարազատներին և պայմանավորվել հանդիպման համար:
Ջերմ և անկաշկանդ զրույցի ընթացքում Սեյրան Օհանյանը մանրամասնորեն ծանոթացավ խնդրի էությանը, հավաստեց, որ իր կողմից կարվի ամենայն հնարավորը լավագույն բուժումն ապահովելու առումով: Սեյրան Օհանյանը նշեց նաև, որ Պաշտպանության նախարարությունը կհոգա հետագա բուժման հետ կապված բոլոր ֆինանսական ծախսերը: Մայիսի ծնողները շնորհակալություն հայտնեցին նախարարին, ինչպես նաև հոսպիտալի ռազմական բժիշկներին, ովքեր ճիշտ ժամանակին ախտորոշել են և ամեն ինչ արել օգնելու համար: Նրանց ուղղորդումից հետո է Մայիսի բուժումը կարգավորվել:
Մտերմիկ զրույցի ընթացքում Սեյրան Օհանյանը նկատեց, որ պատերազմի տարիներին ծանր վնասվածք ստանալով' ինքն անձամբ առնչվել է նմանաբնույթ խնդրի հետև չի հանձնվել: Նախարարը շեշտեց, որ որոշ դեպքերում նման անախորժություններն անգամ կարող են խթան հանդիսանալ սեփական կամքի ուժի ամրապնդման և ինքնակատարելագործման համար:
Սեյրան Օհանյանը հորդորեց նաև երբեք չհանձնվել, չընկճվել և շարունակել պայքարել առողջության համար՝ երբեք չհրաժարվելով ապագա կարևոր ծրագրերից և երազանքներից: Ինքն իր կողմից նախարարը խոստացավ անել ամենայն հնարավորը երիտասարդի խնդիրներին օժանդակելու, զորավիգ լինելու համար»: