Լուրեր.com-ը հարցում էր իրականացրել՝ պարզելու՝ Հայաստանում գործող ֆիթնես ակումբներից որն է համարվում շուկայի առաջատարը: Հարցվածներից շատերի կարծիքով պրեմիում կարգի ֆիթնես ակումբ «Օրանժ ֆիթնես»-ն առաջատարն է:Լուրեր.com-ն այս կապակցությամբ զրուցեց ակումբի կոմերցիոն տնօրեն Մարինա Անդրեասյանի հետ:


Լուրեր.com-ի անցկացրած հարցման արդյունքում «Օրանժ ֆիթնես»-ը ճանաչվել է լավագույնը: Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը։

 

- Մենք հիմնականում շեշտադրում ենք կատարում երեք հիմնական ուղղությունների վրա. առաջին՝ «Օրանժ Ֆիթնես»-ը պրեմիում կարգի ակումբ է՝ Հայաստանում ամենաբարձրակարգը: Դա մեզ ստիպում և թելադրում է, որպեսզի մենք լինենք ամենապրոֆեսիոնալը մեր գործում: Մենք մեծ ներդնումներ ենք կատարում և՛ մեր մարզիչների ուսուցման, և՛ կադրերի ընտրության, և՛ սարքավորումների հագեցվածության հարցում: Մեր պրեմիում կարգն ավելի շատ պայմանավորված է մեր բարձրակարգ անձնակազմի կատարած որակյալ աշխատանքով և զարգացած ենթակառուցվածքներով:

 

Երկրորդ՝ մենք աշխատում ենք այն մարդկանց համար, ովքեր Հայաստանում ամենահաջողակն են իրենց գործում, ովքեր գնահատում են գումարը, որը վճարում են և ովքեր ամեն ինչի մեջ ընտրում են լավագույնը՝ կլինի դա հեռախոս, մեքենա, թե այլ ապրանք կամ ծառայություն: Բնականաբար, նման մարդիկ շատ խստապահանջ են սպասարկման ոլորտի նկատմամբ և ցանկանում են իրենց վճարած գումարի դիմաց ստանալ այն, ինչ ակնկալել են և դեռ մի բան էլ ավելին: Այդ պատճառով մեզ մոտ աշխատում են միայն բարձր որակավորում ունեցող մարզիչներ: Նրանք մարզիչ են և ոչ թե նախկին մարզիկ. Լավ մարզիկը դեռ մարզիչ չէ և շատ հեշտ կարող է մարդուն վնասել՝ չիմանալով և սխալ խորհուրդներ տալով: Այդ պատճառով էլ մենք շատ լուրջ ենք վերաբերվում մեր աշխատանքին, քանի որ անմիջապես գործ ունենք մարդու առողջության հետ:

 

Երրորդ՝ մենք առաջարկում ենք ապրելակերպ: Մարդիկ մեզ մոտ ձեռք են բերում տարեկան անդամության քարտեր՝ դրանով որոշում կայացնելով իրենց մեկ տարվա կյանքի համար: Ընդ որում, մեզ մոտ գալիս են ոչ միայն ակտիվ սպորտի, այլև առողջ ապրելակերպի ու հանգստի սիրահարները, որոնց համար մենք ստեղծել ենք բոլոր հարմարավետ պայմանները: Մեկ անգամ անդամություն ձեռք բերելով՝ մեր ակումբի անդամները հավատարիմ են մնում «Օրանժ Ֆիթնես»-ին տարիների ընթացքում, քանի որ ակումբը և նրա ստեղծած միջավայրը դառնում է նրանց կյանքի անբաժանելի մասն ու ապրելաոճը:


- Ի՞նչ մեթոդներով եք աշխատում և արդյո՞ք կիրառում եք ձեր աշխատանքում միջազգային փորձի ձեռքբերումները:

 

- Իհարկե, մենք վերցնում ենք ֆիթնեսի ասպարեզում միջազգային լավագույն փորձն ու առաջինն ենք ներդնում մեզ մոտ: Օրինակ՝ վերջերս ներմուծել ենք կոնսուլտանտ-մարզիչների գաղափարը, որը նախկինում Հայաստանում չի կիրառվել: Կոնսուլտանտ-մարզիչների նպատակն է ակումբի յուրաքանչյուր անդամին ապահովել մարզումների ծրագրով, հետևողական լինել այդ ծրագրի իրականացմանը և հետևել, որպեսզի մարզումների ընթացքում ակումբի անդամը հասնի իր նպատակներին և չվնասի իրեն:


- Հասարակական լայն շրջանակներում «Օրանժ ֆիթնեսը» համարվում է հասանելի միայն «էլիտար» շրջանակների համար. որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:

 

- Իրականում, քանի որ մենք պրեմիում կարգի ակումբ ենք, ամեն մարդ չէ, որ կարող է իրեն թույլ տալ այցելել «Օրանժ ֆիթնես»: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ որքան գումար հատկացնի այս կամ այն ծառայության համար: Ես նշեցի, որ մենք պրոֆեսիոնալ մոտեցում ենք ցուցաբերում բոլոր հարցերին, իսկ դա մեծ ներդրումներ է պահանջում: Մենք ի սկզբանե ընտրել ենք այդ ճանապարհը: Մենք ստեղծել ենք այս ակումբն այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ստանալ միմիայն բարձրակարգ ծառայություն, և այդ մարդիկ քիչ չեն մեր երկրում:


- Ի՞նչ զեղչային քաղաքականություն է վարում ակումբը: Ի՞նչ հետաքրքիր միջոցառումներ եք անցկացնում ձեր ակումբում։

 

- Մենք զեղչային քաղաքականության առումով այդքան էլ ճկուն չենք: Մեր քարտային գները ֆիքսված են, իսկ նոր ակումբի անդամի համար գործում է նաև անդամավճար: Մարդիկ զեղչի համար չէ, որ մեզ ընտրում են. նրանք գիտեն՝ ինչի դիմաց են վճարում: Իսկ միջոցառումների առումով պետք է նշեմ, որ ակումբային ջերմ մթնոլորտը պահելու համար ժամանակ առ ժամանակ կազմակերպում ենք ակումբի անդամների համար և՛ մրցումներ, և՛ տարբեր երեկույթներ:


- Իսկ Դուք վաղո՞ւց է, ինչ աշխատում եք այս ոլորտում, այս ընկերությունում և արդյոք սիրո՞ւմ եք ձեր աշխատանքը:

 

- Ես հինգ տարի է, ինչ աշխատում եմ «Օրանժ ֆիթնես»-ում, և կարելի է ասել, որ միասին ենք «աճել», և իրոք շատ սիրում եմ իմ գործը. շատ հարազատ է այն, ինչ ես անում եմ, քանի որ գիտակցում եմ, որ օգտակար գործ եմ անում մարդկանց համար: Դա ամենակարևորն է ինձ համար: Մեր ամբողջ թիմն է այդ ոգևորությամբ աշխատում՝ գիտակցելով իր աշխատանքի նշանակությունը:


- Ժամանակակից հասարակության գլխավոր խնդիրներից մեկը գերզբաղվածության, աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկի, անառողջ սննդի հետևանքով առողջական որոշակի խնդիրների առաջացումն է: Դուք ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնց համար կյանքի ուղեկիցը դարձել են «դիետան սկսվում է վաղը», կամ «մարզումներս կսկսեմ վաղվանից» կարգախոսները:

 

- Իրականում ցանկալի արդյունքի կարելի է հասնել ոչ թե չսնվելով, այլ ճիշտ սննդակարգ պահպանելով և այն համակցելով գրագետ մարզումների հետ: Մենք խորհուրդ ենք տալիս բոլորին շաբաթական գոնե երկու ժամ տրամադրել իրենց առողջությանը, քանի որ ֆիթնեսը լավագույն միջոցն է ձերբազատվելու, սթրեսերից, ունենալու գեղեցիկ կազմվածք և գերազանց ինքնազգացողություն: Երբ մարդիկ գալիս են մեզ մոտ, նրանց համար իսկապես կյանքն սկսվում է նոր էջից: Հենց դա էլ մեր կարգախոսն է ՝ «Կյանքը նոր էջից»: