ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծապես կարեւորում Է հակազդումը ֆաշիստական գաղափարախոսության վերածնման եւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ընդհանուր պատմությունը կեղծելու բոլոր փորձերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է շնորհավորական այն ուղերձում, որը ռուսական պետության ղեկավարը հղել Է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Ուկրաինայի ժողովրդին ֆաշիստական զավթիչն երից երկրի ազատագրման 70-ամյակի կապակցությամբ:
«Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ուկրաինայի համար մղված ծանր, արյունահեղ մարտերում ամբողջ վեհությամբ դրսեւորվեց մեր բազմազգ ժողովրդի ուժն ու համախմբվածությունը, ազատարար ռազմիկների, պարտիզանների, ընդհատակայինների եւ թիկունքի աշխատողների արիությունն ու դիմացկունությունը»,-նախագահի խոսքը մեջբերել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Մեր հայրերն ու պապերը միասին, նույն շարքում արիաբար ու անձնուրաց մարտնչել են Հայրենիքի ազատության ու անկախության համար, ջախջախել թշնամուն եւ մոտեցրել երկար սպասված Հաղթանակը,-ընդգծել Է Պուտինը:- Մենք պետք Է հոգատարությամբ պահպանենք նրանց կողմից ավանդված եղբայրական բարեկամության եւ փոխօգնության հիանալի ավանդույթները: Չափազանց կարեւոր Է աճող սերնդին դաստիարակել հայրենասիրական բարձր արժեքներով, ակտիվորեն հակազդել ֆաշիստական գաղափարախոսության վերածնման, ազգամիջյան թշնամանքի բորբոքման եւ մեր ընդհանուր պատմության կեղծման բոլոր փորձերին»:
ՌԴ-ի նախագահը «Հայրենական մեծ պատերազմի ուկրաինացի վետերաններին մաղթել Է քաջառողջություն, բարեկացություն եւ ոգու կայտառություն, իսկ Ուկրաինայի ողջ եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»: